Երևանն ու Թեհրանը նախապատրաստում են Էբրահիմ Ռայիսիի Հայաստան այցի կազմակերպումը
ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մայիսի 27-30-ն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ կառավարության մի շարք ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես, Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ալի Աքբար Մեհրաբիանի, նավթի նախարար Ջավադ Օուջիի և ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ:
ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման և ներդրումային ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունները: Զրուցակիցները կարևորել են ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Հայաստան այցի կազմակերպումը:
ԻԻՀ նավթի նախարարի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են գազի և էներգետիկայի ոլորտում երկկողմ և տարածաշրջանային երկարաժամկետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: