Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:
ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես.
Երևան քաղաքում գտնվող 8 բնակարանները և Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիները, 4 հասարակական նշանակության տարածքները, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին և 2 հողամասեր, ինչպես նաև 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.601.422.519 ՀՀ դրամ։
Ավստրիայի Հանրապետության տարածքում գտնվող 2 անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170,826,728 ՀՀ դրամի չափով։
293.328.805,1 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
748.762.865,56 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում բազմաթիվ վարույթներով ուսումնասիրությունները շարունակվում են: Այլ գործերով, որոնցով կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, առաջիկայում կներկայացվեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումներ։
ՀՀ գլխավոր դատախազությունում վերոնշյալ վարչության ձևավորումից հետո սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թվով 5-րդ հայցադիմումն է, որ դատարանն ընդունել է վարույթ: