25.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ
prev Նախորդ նորություն

«Սասնա ծռերն» ու տնտեսությունը. Ինչպիսի՞ ազդեցություն կթողնեն վերջին իրադարձությունները ՀՀ տնտեսության վրա

Օգոստոսի սկզբին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփեց 2016 թվականի առաջին կիսամյակը: Չնայած հոռետեսական որոշ սպասումների, մի շարք ցուցանիշներ դրական դինամիկա էին արձանագրել, հատկապես անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Այդպես, արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի առաջին վեց ամիսներին կազմել է շուրջ $ 2 272,5 մլն՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2,7 տոկոսի աճ արձանագրելով: Եվ, մասնավորապես, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է $ 599,6 մլն՝ 12,4 տոկոսի աճ արձանագրելով:

Բացի այս, պաշտոնական վիճակագրության համաձայն, ներմուծման ծավալը նշված ամիսներին կազմել է $ 815 մլն՝ անցած տարվա համեմատ 16,7 տոկոսի աճ արձանագրելով: 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին որոշ ապրանքատեսակների արտահանումը եղել է. «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ»՝ 2,9 տոկոսի աճ, «պատրաստի սննդատեսակների արտադրություն»՝ 14,4 տոկոսի աճ և այլն: Տնտեսագետները ակնկալիքներ ունեն, որ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում տնտեսությունում դրական ցուցանիշները կապահովվեն գյուղատնտեսության հաշվին:

Կառավարության վերջին նիստերից մեկում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ չնայած այս տարի Հայաստանի առջև ծառացել էին թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ, նաև 2015թվականից շարունակվող տարածաշրջանային շոկերը, արտաքին բեռնափոխադրումների չնախատեսված խնդիրները, միջազգային տնտեսական աճի դանդաղումը, առկա գնանկումային միջավայրը վտանգել էին առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարը, այդուհանդերձ առաջին կիսամյակի արդյունքներով կարելի է խոսել որոշակի հաջողությունների մասին՝ 2016 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով:

Գործադիրի ղեկավարը նշել էր, որ այս փոփոխությունները կարող են հանգեցնել տնտեսության նոր երկարաժամկետ ձևափոխության, ինչի համար համակարգված ու հետևողական աշխատանք է հարկավոր, բայց և կարևորել, որպեսզի այդ արդյունքները ազդեցություն ունենան նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության վրա:

«Ցավոք, վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում»,- ընդգծել էր վարչապետը:

2016 թվականի հուլիսին Fitch Ratings միջազգային ռեյտինգային գործակալությունը իր ավանդական ամփոփագրում 3,5 տոկոսի էր հասցրել Հայաստանի ՀՆԱ–ի աճի 2016 թվականի իր կանխատեսումը: Գործակալությունը նաև կանխատեսել էր, որ ՀՀ տնտեսական աճը 2017-18 թվականներին միջինում 3,6 տոկոս աճ կարձանագրի: Հեղինակավոր կառույցը նման կանխատեսմամբ հանդես էր եկել նախքան երևանյան իրադարձությունները, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորումը գրավել և երկու շաբաթից ավելի գրավված էր պահում ՀՀ ոստիկանության պարեկա-պահակային ծառայության գնդի տարածքը: Այդ երկու շաբաթների ընթացքում Երևանում, ինչպես նաև ՀՀ այլ քաղաքներում բողոքի ակցիաներ, հանրահավաքներ էին ընթանում, տեղի ունեցան նաև բախումներ իրավապահների հետ.. մի խոսքով՝ հուլիսի 17-ից սկսած երկիրը գտնվում էր պայթունավտանգ իրավիճակում, ինչն անշուշտ իր բացասական ազդեցությունն է ունենալու երկրի տնտեսության վրա:

VERELQ-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց, որ աշխարհի ցանկացած երկրում ցանկացած նմանատիպ ցնցում ազդեցություն է ունենում տնտեսական ցուցանիշների վրա և, բնականաբար, Հայաստանն այդ իմաստով բացառություն չի լինի: Նրա խոսքով, այդ ամենում մեղավորության չափաբաժինը իշխանություններինն է, քանի որ եթե երկրում չլիներ այդ մակարդակի անվստահություն իշխանությունների նկատմամբ, չունենային սոցիալական նման բարդ իրավիճակ, ապա նման սցենարային զարգացումներից հնարավոր կլիներ խուսափել:

«Անշուշտ, բոլորն են հասկանում, որ ՊՊԾ գնդի գրավումը, հետագա բողոքի ալիքը, հազարավոր քաղաքացիների դժգոհությունը չեն կարող իրենց ազդեցությունը չթողնել երկրի տնտեսական իրավիճակի վրա և խոչընդոտ չհանդիսանալ օտարերկրյա ներդրողների համար: Եվ իշխանությունն այդ մասին պետք է մտածի, որպեսզի հնարավոր լինի հետագայում խուսափել նման իրավիճակների կրկնությունից», - շեշտեց Բոստանջյանը:

Մինչդեռ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ անգամ եթե հուլիսյան իրադարձությունները իրենց ազդեցությունն ունենան տնտեսության վրա, օտարերկրյա ներդրումների ծավալի վրա այն դժվար թե ազդեցություն ունենա: Մակարյանը նշեց, որ դա, նախևառաջ, պայմանավորված է նրանով, որ արտաքին ներդրողները հիմնականում հանդիսանում են արտերկրում ապրեղ մեր հայրենակիցները, իսկ բացի այդ, ինքն ունի տեղեկություններ, որ ներդրումային դաշտի հանդեպ հետաքրքրությունը անգամ այդ խառը օրերին չէր նվազել: Որպես ապացույց նա տեղեկացրեց, որ խոշոր ընկերության ներկայացուցիչները հենց այդ օրերին իրեն խնդրել էին միջնորդել ՀՀ վարչապետի հետ հանդիպում կազմակերպելու նպատակով: Այսպիսով, հավելեց Մակարյանը, օտարերկրյա ներդրողներին առկա իրավիճակը այդքան էլ չէր անհանգստացրել, քանի որ նրանք այդ ամենը դիտարկում էին իբրև լոկալ բնույթ կրող մի խնդիր:

Նշենք, որ միջազգային վարկանիշային գործակալությունները, ֆինանսական կազմակերպությունները դեռ չեն շտապում այս ամենի հետևանքով իրենց «վճիռը» հրապարակել Հայաստանի տնտեսությանը: Կառավարությունն էլ խոստանում է, որ չի նվազեցնի իր գործունեության տեմպերը, և տարեվերջին տնտեսական աճի ցուցանիշը դրական միտումը կպահպանի:

Պատրաստեց Լիա Խոջոյանը