Նախօրեին հրապարակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների Հայեցակարգը, որը ենթադրում է անցում նախագահական կառավարման համակարգի: Մտահոգվելու տեղիք տվող հայեցակարգ, թե՞ առողջ փաստաթուղթ:
ԼՂՀ նախկին արտգործնախարար
Արման Մելիքյանը VERELQ-ի հետ զրույցում նշեց, որ Հայեցակարգը իր մեջ մտահոգիչ անցումային դրույթներ է պարունակում, որոնք միտված են պաշտոնական Երևանի պատասխանատվության լղոզմանը, ինչպես նաև Արցախի նախագահի իշխանության պահպանմանը մինչև 2020 թվականը:
Առաջին հերթին, ըստ Մելիքյանի, աչք է ծակում այն, որ ՀՀ-ում իրականացված, իսկ ԼՂՀ-ում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների էությունը կառավարման համակարգի ձևափոխման տրամագծորեն հակադիր նպատակներ է հետապնդում: Հայաստանի պարագայում, նրա խոսքով, նախատեսված է որոշումների ընդունման համար անհատական պատասխանատվության լղոզման խորհրդարանական կառավարման ձևը, մինչդեռ ԼՂՀ-ում առաջարկվում է անցում մաքուր նախագահական կառավարման տարբերակին, այսինքն՝գործադիր իշխանության առավելագույն կենտրոնացում մեկ ձեռքում:
Բացի այդ, իրեն հասած տեղեկությունների համաձայն, լինելու են անցումային դրույթներ, որոնք նախատեսում են ներկայումս գործող նախագահի պաշտոնավարման երկարաձգում մինչև 2020 թվականը:
«Հատկապես հակամարտության կարգավորման համատեքստում ընթացող ապակառուցողական գործընթացների ծավալման համատեքստում պաշտոնական Երևանի մասով պատասխանատվությունը լղոզելու, իսկ Ստեփանակերտում՝ իշխանությունը մեկ ձեռքում կենտրոնացնելու միտումը մտահոգության տեղիք է տալիս: Այն տպավորությունն է ստեղծվում, որ այստեղ որոշել են ձեռքները լվանալ ու մի կողմ քաշվել, իսկ այնտեղ պայմաններ են ստեղծվում, որպեսզի բարձրագույն պաշտոնյայի որոշմամբ ու մեկ ստորագրությամբ հնարավոր լինի ցանկացած հարց լուծել: Սրանք, անշուշտ, ընդհանուր մտահոգություններ են, որոնց իրավացիությունը հնարավոր կլինի հաստատել կամ ժխտել սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակին ծանոթանալուց հետո միայն»,-նշեց նա:
Ամեն դեպքում, շարունակեց Մելիքյանը, եթե ճիշտ է, որ գործող նախագահ
Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու տարբերակ է նախատեսված, ապա մտահոգություններն ավելի առարկայական են դառնում, քանի որ առաջ է գալիս նրա կողմից ևս մի քանի տարով իշխանությունը պահելու նպատակով սահմանադրություն փոխելու, անգամ յուրացնելու հիմնավոր կասկած:
«Անկեղծ ասած, հայկական քաղաքական միջավայրի համար հանուն ժողովրդավարության արվող փոփոխությունները վստահություն չեն ներշնչում՝ այդ պատրվակով գործող վարչակազմերը սովորաբար սեփական նեղ խնդիրներն են ձգտում լուծել: Արցախում նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների իրական նպատակը կերևա, եթե հընթացս հենց պարոն Բակո Սահակյանի կողմից որոշ լրացուցիչ օրենսդրական նախաձեռնություններ իրականացվեն: Բայց եթե ԼՂՀ գործող նախագահը հանրապետության սահմանները հստակորեն նկարագրող և ամրագրող օրենքի նախագիծ ներկայացնի խորհրդարան, որի համաձայն աներկբա կերպով երկրի անքակտելի մաս կհռչակվի այն ամբողջ տարածքը, որն այժմ ընդամենը վերահսկվում է ԼՂՀ իշխանությունների կողմից, գումարած արցախյան առաջին պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից գրաված ԼՂՀ բոլոր տարածքները, ապա կարող ենք համարել, որ նա պատրաստ է լինել ԼՂՀ տարածքային ամբողջականության իրական երաշխավոր»,-կարծիք հայտնեց գործիչը:
Արցախի նախագահի երկրորդ պարտադիր օրենսդրական նախաձեռնությունը պետք է լինի, ըստ նախկին արտգործնախարարի, ԼՂՀ քաղաքացիության մասին լիարժեք օրենքը, որի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի խոսել այն մասին, որ ԼՂՀ-ն լիարժեք ինքնիշխան պետություն է:
«Այս քայլերը պետք է կատարվեն նախքան սահմանադրական բարեփոխումների ուժի մեջ մտնելը և միայն դրանց իրականացումն անհրաժեշտ նախադրյալները կստեղծի պարոն Սահակյանի իրական մղումները գնահատելու և դրանց վստահելու համար»,- հավելեց Արման Մելիքյանը: