Մենք անհանգստացած ենք. Զախարովան՝ Արցախում Բաքվի գործողությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է գազատարի պայթյունի և ադրբեջանցիների կողմից հայկական գյուղերի գնդակոծման հետևանքով Արցախում տեղի ունեցած հումանիտար աղետը։
«Այո, մենք մտահոգված ենք այս տարածաշրջանում տիրող իրավիճակով և ադրբեջանա-հայկական սահմանի որոշ հատվածներում մարտի սկզբից արձանագրել ենք հրադադարի կանոնավոր խախտումներ։
Ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում համապատասխան միջոցներ է ձեռնարկում իրավիճակի կայունությունն ու վերահսկողությունն ապահովելու համար, և այդ ջանքերի շնորհիվ մարտի 13-ից ի վեր զինված միջադեպեր չեն գրանցվել։
Ինչ վերաբերում է սահմանին, ապա մենք կողմ ենք, որպեսզի հնարավորինս շուտ սկսվի դրա սահմանազատման գործընթացը՝ համապատասխան երկկողմանի հանձնաժողովի ստեղծմամբ։
Մենք տեղյակ ենք գազատարի վթարի հետ կապված ծանր հումանիտար իրավիճակին, մենք կապի մեջ ենք երկու կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այս խնդիրը լուծելու համար։ Մեր դիրքորոշումն այն է, որ ցանկացած քայլ, որը խնդիրներ կստեղծի բնակիչների, խաղաղ բնակիչների համար, խնդիրներ, որոնք կբարդացնեն առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, պետք է խուսափել»,- ասաց նա ճեպազրույցում՝ պատասխանելով VERELQ-ի թղթակցի հարցին:
Ընդ որում, այն հարցին, թե արդյոք Մոսկվայում Բաքվի գործողություններում ցանկություն չեն տեսնում օգտվել իրավիճակից եւ Ռուսաստանի մասնակցությունից Ուկրաինայում հատուկ գործողությանը, Զախարովան պատասխանել է.
«Մենք ելնում ենք նրանից, որ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք իրավիճակի զարգացումից և միջազգային, արտաքին քաղաքական այլ ուղղություններով այդ իրավիճակի դինամիկայից դուրս։ Մեզ համար Ձեր նշած տարածաշրջանում կարգավորման իրավիճակն առաջնային է, եւ բոլոր մասնակիցները գիտեն այդ մասին»։