Տոյվո Կլաար. Հայաստանը հատուկ դիրքորոշում ունի ուկրաինական հարցում, և մենք հարգում ենք այն
ԵՄ-ն ըմբռնումով է վերաբերվում Ուկրաինայի հարցում Հայաստանի դիրքորոշմանը: Այս մասին Factor-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ԵՄ-ն ուկրաինական պատերազմի վերաբերյալ ինչպիսի դիրքորոշում է ակնկալում Հայաստանից։
«Հայաստանի համար այս իրավիճակը լի է մարտահրավերներով, և մենք դա գիտակցում ենք։ Մենք բարձր ենք գնահատում այն բոլոր ջանքերը, որոնք Հայաստանը գործադրել և գործադրում է։ Իսկ մենք սերտ կապի մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մենք գիտակցում ենք, որ Հայաստանը շատ հատուկ դիրքորոշում ունի ուկրաինական հարցում, և մենք հարգում ենք այն»,- ասաց նա։
Կլաարը նշել է, որ ԵՄ-ի ուշադրությունը, անշուշտ, կենտրոնացած է ուկրաինական պատերազմի վրա, սակայն դա չի նշանակում, որ ԵՄ-ն մոռանում է Հարավային Կովկասում իր ընկերների մասին։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ավելի քան երբևէ հավատարիմ է իր գործընկերների հետ աշխատելու՝ խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի հասնելու համար։
«Մեր ուղերձը պարզ է՝ մենք ոչ մի տեղ չենք գնացել, նույնիսկ եթե շատ անհանգստացած ենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմով։ Բայց մենք այստեղ ենք՝ Հարավային Կովկասում՝ մեր ընկերներին աջակցելու համար»,- եզրափակեց նա։