Արդեն մի քանի օր է, որ մեր մի քանի գործընկերներ՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, քաղաքագետներ՝ Էդգար Էլբակյանն ու Ալվինա Աղաբաբյանը, ահազանգում են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խոսք է գնում մոտ 1 կմ հատվածի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մասին։ Ի դեպ, այս մասին մամուլի միջոցով բարձրաձայնել են նաև տեղի բնակիչները։
Պաշտպանության նախարարությունն այս մասով հանդես է եկել «պարզաբանմամբ», սակայն փաստական առումով լուրջ հիմնավորումներ չի բերել։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ իշխանությունը տարբեր առիթներով սուտ, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ «պարզաբանումներ» տվել, ինչը նրա խոսքի և հայտարարության նկատմամբ հանրային վստահությունը 0-ի է հասցրել։
Պետք է արձանագրել, որ երկրի անվտանգության համակարգում պատշաճ միջոցառումների իրականացման բացակայությունը բերել է նրան, որ Ադրբեջանը շարունակելով իր ագրեսիվ քաղաքականությունը նոր դիրքային բարելավումներ է անում՝ 2021-ի մայիսի և նոյեմբերի ներխուժումն ու նկարագրված ներխուժումները, ցավոք, ընդգծված օրինակներ են։
Այս իշխանությունը մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հարցը թողել է բախտի քմահաճույքին և հետևանքն էլ շարունակական կորուստներն են լինելու»։
Ավելի վաղ ՊՆ-ն կտրականապես հերքել էր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերը։ Ըստ ՊՆ-ի՝ «նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։