Իշխանությունները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հստակ հայեցակարգ չունեն. Ղազինյան
Սահմանադրական բարեփոխումների հարցում Հայաստանի իշխանությունները կարծես թե հստակ հայեցակարգ չունեն։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով, ակամայից տպավորություն է ստեղծվում, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումն ինքնանպատակ է իշխանությունների համար, և բարեփոխումները նախաձեռնողները իրական պատկերացում չունեն, թե ինչ է պետք փոխել Հիմնական օրենքում։
«Բնականաբար, Սահմանադրությունը որոշակի շտկման կարիք ունի, որոշ ձևակերպումներ և դրույթներ վերանայելու կարիք կա, ինչը ավելի ներդաշնակ կդարձնի Հիմնական օրենքը։ Իհարկե, պետք է անել ամեն ինչ, որպեսզի երկրի քաղաքացիները, իրավաբանական անձինք Սահմանադրությունն ընկալեն որպես հիմք, որպես տարրական կանոնների ամբողջություն»,- ասաց նա։
Սակայն իշխանությունների մոտեցումները այս բարեփոխումների հստակ ու ամբողջական հայեցակարգի տպավորություն չեն թողնում։ «Միգուցե այն կա, բայց իշխանությունները նպատակահարմար չեն գտնում այս փուլում հրապարակել, որոշ հարցեր հանրությունից գաղտնի են պահվում»,- հավելեց նա։