Միրզոյանը ներկայացրել է Բաքվի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը
Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ:
Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությունը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։
Երկուստեք կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի: