Խստացվում է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման պահանջի կատարման նկատմամբ
2020 թվականի ընթացքում մեծ ակտիվությամբ մեկնարկած սպանդանոցային մորթի գործընթացներում որոշակի անհարթություններ են առաջացել՝ պայմանավորված արցախյան պատերազմով և covid 19-ի համավարակով, որոնք քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով, այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Նարեկ Հայրապետյանը հանդիպել են երկրում գործող սպանդանոցների ներկայացուցիչների հետ:
Սպանդանոցների ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնել սպանդանոցային ծագման մսեղիքն ուղեկցող 5-րդ ձևի անասնաբուժական վկայականի կեղծման, որոշ սպանդանոցների կողմից այն ապօրինաբար վաճառելու դեպքերի մասին, ինչպես նաև՝ որ անասնատերերը չեն դիմում սպանդանոցներին՝ շարունակնելով բակային մորթը:
Գեորգի Ավետիսյանը հստակեցրել է, որ այդ մեղադրանքները հնչեցվում են ոչ ճիշտ վայրում. ՍԱՏՄ-ն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին չէ, ձևաթղթի կեղծում-վաճառքը հանցագործություն է և խնդրի մասին պետք է տեղեկացնել իրավապահ մարմիններին: Իսկ անասնատերերի հետ հարաբերությունները պետք է կարգավորեն իրենք՝ սպանդանոցները, առաջարկելով ավելի գայթակղիչ պայմաններ և աշխատելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Պարոն Ավետիսյանը տեղեկացրել է, որ, որպես իրավաբանական անձանց վերահսկող մարմին, մարտի 14-ից տեսչական մարմինն անցնելու է ավելի խստացված ստուգումների թե սպանդանոցներում, թե իրացման ցանցում և հանրային սննդի կետերում՝ բացառելու նպատակով ոչ սպանդանոցային ծագման մսի-մսեղիքի վաճառքը: «Պետք է հասկանաք, որ սպանդանոցներին մենք ընդունում ենք և իրենց հետ մեր հարաբերությունները պատկերացնում ենք որպես գործընկերային, քանի որ սպանդանոցային մորթի ամենաշահագրգռված կողմը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարը:
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ այժմ փոփոխություններ են կատարվում ձև 5 փաստաթղթի տրամադրման էլեկտրոնային համակարգում, ինչի արդյունքում կբացառվի դրա կեղծումն ու վաճառքը. համակարգը կարձանագրի յուրաքանչյուր կենդանու մուտքը սպանդանոց, ինչը նշանակում է, որ մուտք չգործած երևակայական կենդանու իբր մորթի և մսեղիքի դուրսգրման 5-րդ ձև տրամադրել հնարավոր չի լինի: