Կատարը հետաքրքրված է Հայաստանից ոչխարի մսի ներկրման հնարավորությամբ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 10-ին Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ բին Թրքի ալ Սուբեյհիի հետ մասնակցել է AgriteQ 2022 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որտեղ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։
Ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, Վահան Քերոբյանը շրջել է Հայաստանի տաղավարով, ծանոթացել այնտեղ ցուցադրվող հայկական արտադրանքին։
AgriteQ 2022 ցուցահանդեսային տարածքով շրջելուց հետո, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը և Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարարը առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ կողմերն անդրադարձել են պարենային անվտանգության հարցերի կարևորությանը և այդ համատեքստում Հայաստանում կատարական ներդրումների հնարավորություններին։
Նախարար Քերոբյանը կատարական կողմին հրավիրել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու ներդրումային հնարավորություններին՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում, և հստակեցնելու համագործակցության ուղղությունները։
Կատարական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանից ոչխարի մսի ներկրման հնարավորության վերաբերյալ։ Ներդրումների համար, որպես հետաքրքիր ուղղություն, նախարար Քերոբյանն առանձնացրել է Հայաստանում ջերմատների և ինտենսիվ այգիների հիմնումը՝ նշելով, որ դրանք ներկայումս Հայաստանի Հանրապետությունում արագ զարգացող ուղղություններ են։
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համագործակցության մասին մտադրությունների հուշագիր։