23.11.2024
ՔՊ-ն չի բացառում, որ Բաքուն փորձում է օգտվել իրավիճակից և դժվարություններ ստեղծել ԼՂՀ-ում
prev Նախորդ նորություն

Բաքուն համակարգված հարձակում է իրականացնում Արցախի վրա. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը չբացառեց, որ Լիսագորի շրջանում գազատարի պայթյունը ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանք է։


«Հաշվի առնելով վերջին 10 օրվա ընթացքում տարբեր ուղղություններով՝ Արցախի և Հայաստանի շփման գծում իրականացված սադրանքները, մեծ է հավանականությունը, որ Հայաստանից Արցախ գազատարի պայթեցումն Ադրբեջանի գործողությունների արդյունք է», - նշել է պատգամավորը և հավելել, որ Արցախից դեռ պաշտոնական տեղեկություն չի ստացվել, տեղի ունեցածի հետ կապված որոշակի մտավախություններ ու վարկածներ կան։


«Ադրբեջանական կողմը դեռևս թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև աշխատանքներ կատարել միջադեպի պատճառների պարզաբանման ուղղությամբ, ուստի վերջնական եզրակացություններ անելն անհնար է։ Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ այս հատվածում գազատարը հիմնականում գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, հետևաբար հնարավոր է, որ հենց ադրբեջանական կողմն է իրականացրել այս, ըստ էության, ահաբեկչական գործողությունը»,- ասել է նա։


Նրա խոսքով, այս ֆոնին պետք է հաշվի առնել նաև Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան, որի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր, ինչպես նաև տարբեր սադրանքներ Արցախի Խրամորթ, Նորշեն և Թաղավարդ գյուղերի տարածքներում։


«Ադրբեջանցի զինվորականները հոգեբանական ճնշում են գործադրում գյուղացիների վրա՝ բարձրախոսով ասելով՝ վաղ թե ուշ մտնելու ենք և բոլորիդ կսպանենք։ Այսինքն՝ Ադրբեջանը համակարգային հարձակում է իրականացնում Արցախի վրա, խոսքը հոգեբանական, ռազմական, ինչպես նաև տնտեսական հարձակման մասին է, եթե հաշվի առնել գազատարի պայթյունը»,- ասաց նա՝ նկատի ունենալով պաշտոնական Երևանի արձագանքի իսպառ բացակայությունը, որը միջադեպի հետ կապված այս իրավիճակում չափազանց վտանգավոր է: