27.11.2024
Պետերբուրգում մեկնարկել է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը
prev Նախորդ նորություն

ԶԼՄ-ները պատմել են Պուտինին ու Էրդողանին հաշտեցրած միջնորդների մասին

Թուրքական Hurriyett պարբերականը նշել է միջնորդների անունները, որոնք զբաղվել են գաղտնի դիվանագիտությամբ՝ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ կոնֆլիկտը լուծելու համար: Միջնորդների թվում են եղել Դաղստանում մեծ կապեր ունեցող գործարար Ջավիթ Չաղլարը եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Պարբերականի բարձրաստիճան դիվանագիտական եւ անվտանգության ոլորտի աղբյուրների խոսքով՝ իրադարձությունները հետեւյալ կերպ են զարգացել: Ապրիլի վերջին թուրքական Գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարն Թուրքիայի նախագահ Էրդողանին հայտարարել է, որ գոյություն ունի ուղի, որը կարելի է օգտագործել ճգնաժամը լուծելու համար: Աքարը նկատի է ունեցել Nergis Holding ընկերության ղեկավար Ջավիթ Չաղլարին:

Չաղլարը քաղաքականությամբ զբաղվել է 1990-ական թվականներին, երբ աշխատել է Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի կառավարությունում: Աքարն Էրդողանին պատմել է, որ գործարարը ծանոթ է Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլատիպովի հետ, որն իր հերթին կապեր է ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հետ:

Ուշակովի հետ բանակցություններում Թուրքիայի անունից բանակցող է նշանակվել Քալընը: Հունիսի 22-ին Անկարայում Ղազախստանի դեսպան Ժանսեիթ Թույմեբաեւը շտապ զանգահարել է Քալընին: Նա պատմել է, որ Նազարբաեւը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Պուտինի հետ, եւ եթե Էրդողանը պատրաստ է նամակ գրել, ապա Պուտինը կընդունի այն:

Հունիսի 23-ին Թույմեբաեւը կրկին զանգահարել է Քալընին՝ տեղեկացնելով, որ Նազարբաեւը Տաշքենդում է եւ հաջորդ առավոտ Պուտինին հանդիպելու է ՇՀԿ-ի գագաթաժողովի շրջանակում: Քալընը ռուսաստանցի թարգմանիչների եւ Անկարայում Ղազախստանի դեսպանության դիվանագետների հետ կազմել է նամակի նախագիծը, որում նրան հաջողվել է օգտագործել ռուսերեն «ներողություն» բառը:

Էրդողանը ստորագրել է նամակն ու Քալընին խնդրել անհապաղ հասցեատիրոջը հասցնել այն: Թուրքիայի առաջնորդի մամուլի քարտուղարի օդանավն Անկարայից դուրս է եկել հունիսի 24-ի գիշերը, ժամը 3-ին: Օդանավը Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի երկնքով թռչելու արգելքի հանդիպելու վտանգ առջեւ է եղել: Թուրքիայի ԱԳՆ-ն կապվել է այս երկրների մայրաքաղաքների հետ, ինչի արդյունքում օդանավը թույլտվություն է ստացել Թբիլիսիից, Բաքվից եւ Աշխաբադից, սակայն Տաշքենդն այդպես էլ չի պատասխանել. ՇՀԿ-ի գագաթաժողովի հետ կապված՝ Ուզբեկստանի երկինքը փակ է եղել: Նազարբաեւը դիմել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին՝ խնդրելով ներս թողնել «Թուրքիայից իր հյուրերին», եւ դրական պատասխան է ստացել:

Քալընին եւ Չաղլարին տեղափոխող օդանավը Տաշքենդում վայրէջք է կատարել հունիսի 24-ի կեսօրին մոտ: Նրանց հանդիպել է Նազարբաեւն ու նամակի ռուսերեն պատճենը խնդրել: Ուշադիր կարդալով այն՝ Նազարբաեւն ասել է. «Լավ է»: Ըստ Hurriyett-ի՝ միայն հետո են թուրքերն իմացել, որ Պուտինն ու նրա պատվիրակությունը հարեւան սենյակում են եղել: Նազարբաեւն Ուշակովին հրավիրել է իրենց միանալ, ասել, որ նամակն ընդունելի է, եւ ներկաներին հաղորդել, որ «հավանություն է տալիս», իսկ մնացյալը նրանք ինքնուրույն պետք է անեն:

Ուշակովը տարել է նամակը, իսկ հետո վերադարձել եւ թուրքական պատվիրակությանը հաղորդել, որ Թուրքիան ընդունել է այն: Քալընն ու Ուշակովը պայմանավորվել են, որ հայտարարություն պետք է արվի հունիսի 27-ին, Մոսկվայում, երբ Անկարան ծանոթանա դրան: Ըստ Hurriyett-ի՝ Ռուսաստանը կատարել է խոստումը: