Պուտինը Սարգսյանին է ներկայացրել ԼՂ հարցով «Բաքվում կայացած քննարկումները»
Մոսկվայում օգոստոսի 10-ին տեղի ունեցող հանդիման ընթացքում ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը հայտնել են, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը դրական ազդեցություն է թողել հայկական տնտեսության վրա:
«Շատ հաճելի է նշել, եւ ես ուզում եմ շնորհավորել ձեզ այդ առթիվ: Ես նայել եմ անցած տարվա տվյալները, որոնց համաձայն՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով: Սա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է, հուսով եմ, որ այս դրական դինամիկան կպահպանվի», - մասնավորապես, ասել է Պուտինը: Պուտինը նաեւ նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հետեւողականորեն կառուցում են դաշնակցային հարաբերություններ, համագործակցում են ինչպես միջազգային, այնպես էլ ԱՊՀ հարթակներում:
Իր հերթին, ըստ РИА-ի, Սարգսյանն ասել է, որ 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի եւ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը դեպի ՌԴ ավելացել է գրեթե 90 տոկոսով: «Այս ամեն ինչը տեղի է ունեցել նաեւ ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունների շնորհիվ», - ասել է Սերժ Սարգսյանը:
Ըստ Սարգսյանի՝ ՀՀ-ն եւ ՌԴ-ն չունեն որեւէ լուրջ խնդիրներ, իսկ բոլոր հարցերը օպերատիվ լուծվում են: Սարգսյանը նաեւ հայտնել է, որ շնորհակալ է Ռուսաստանին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում քաղաքական եւ դիվանագիտական ջանքերի համար:
«Վլադիմիր Վլադիմիրի, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ, ռուսական կողմին՝ այն ջանքերի համար, որոնք գործում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման համար: Եւ իհարկե, այստեղ շատ-շատ կարեւոր է, որպեսզի կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Մենք պատրաստ ենք դրան»,- մասնավորապես, ըստ գործակալության, ասել է Սարգսյանը Կրեմլում՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Իր հերթին Պուտինն ասել է, որ օգոստոսի 8-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպմանը քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: «Բնականաբար, ես հաճույքով կտեղեկացնեմ ձեզ Բաքվում կայացած մեր քննարկումների արդյունքները», - ասել է ՌԴ նախագահը: