Ընդդիմությունը փորձում է ԱԺ-ում քննարկել «Շուշայի հռչակագիրը» դատապարտող հայտարարությունը
Խորհրդարանական ընդդիմությունը փորձեց ԱԺ նիստերի օրակարգ ներառել «Շուշիի հռչակագրի» վավերացումը դատապարտելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որն ավելի վաղ արժանացել էր արտաքին հարաբերությունների գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանը։
Այսօր՝ մարտի 1-ին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փորձել է համոզել խորհրդարանական մեծամասնությանը եւ օրակարգում ներառել հայտարարության նախագիծը։ Նա նշել է, որ հանձնաժողովի բացասական եզրակացությունը Հայաստանի անվտանգության ուժեղացող մարտահրավերների ոչ ճիշտ գնահատականի հետեւանքն է: Թուրք-ադրբեջանական դաշինքի խորամանկ, երկդիմի քաղաքականության խորհրդարանական մեծամասնության սխալ գնահատումն ու չհասկացվածությունը էլ ավելի է ուժեղացնում երկրի առջև ծառացած սպառնալիքները։
Նա նշել է, որ անցյալ տարի «Շուշիի հռչակագրի» ստորագրումից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հռչակագիրը գնահատվել է որպես «հակահայկական սադրանք եւ Հայաստանի անվտանգության սպառնալիք»: Սակայն դրանից հետո ձևավորվեց նոր կառավարություն, որը խիստ քննադատության ենթարկեց այն ժամանակվա ԱԳՆ-ի աշխատանքը։ «Դա նշանակում է, որ հուլիսյան ընտրություններից հետո ձևավորվող իշխանությունը, նորընտիր խորհրդարանը պետք է գնահատական տա այդ փաստաթղթի վավերացմանը՝ շեշտելով մեր մտահոգությունը, որ այդ փաստաթուղթը հակասում է Հայաստանի անկախության հռչակագրին», - կարծում է Օհանյանը:
Հայաստանի խորհրդարանի լռությունը, կարծում է պատգամավորը, կարող է գնահատվել որպես լուռ համաձայնություն այդ հռչակագրում արտացոլված ադրբեջանա-թուրքական տանդեմի` Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, միջանցքի տրամադրումը Սյունիքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն առաջ մղելու մերժումը: Ընդդիմության առաջարկած հայտարարության նախագծի ընդունումը մեսիջ կլինի այն «կարմիր գծերի» մասին, որոնք Հայաստանը մտադիր չէ հատել։ Նա ընդգծել է, որ հայտարարության նախագիծը օրակարգում ընդգրկելուց հրաժարվելն ընդդիմության կողմից կդիտարկվի որպես «թշնամու շահերի սպասարկում»: