Միրզոյանն ու Վալովայան գոհ են ՀՀ և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ համագործակցությամբ
Փետրվարի 28-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ։
Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի միջև արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես խորհրդի անդամ երկրի հանձնառությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Լեռնային Ղարաբաղում բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների և միջազգային աջակցության հասանելիության ապահովումը։
ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունն ու հումանիտար առաքելությունների իրականացումը։