25.11.2024
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը
prev Նախորդ նորություն

Մարդը զգացմունք է, աղոթք է, տարերք. Kivera Naynomis-ը ներկայացավ աննախադեպ ցուցադրությամբ

Kivera Naynomis հայտնի բրենդը, որի հիմնադիր-հեղինակը Արևիկ Սիմոնյանն է, հայ հանրությանը ներկայացրեց աննախադեպ մի ցուցադրություն, որի մասին դեռ երկար են խոսելու: Քանզի խոսքը ոչ միայն նորաձևության, այլ առաջնային՝ մեր ինքնության, պատմության, չսպիացող վերքերի, հավատքի ու հույսի մասին է:


Փետրվարի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ H2Օ Emotional Exposition խորագրով ինտերակտիվ ցուցադրությունը: Գաղափարի հիմքում ոչ թե հագուստի ցուցադրությունն էր, այլ հայկական մշակույթի պահպանման կարեւորության շեշտադրումը: Իրականացմանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ «Արունիկ» ֆոնդի հիմնադիր Արուսյակ Ստեփանյանը:

«Մենք աշխարհին կարող ենք ներկայանալ մեր մշակույթով, մենք ունենք գեղեցիկը տեսնելու ու տարածելու ներուժ։ Հատկապես այս վերջին իրադարձություններից հետո հասկացանք, որ սկզբունքներ, արժեքներ կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։ Գուցե ես 4 տղաների մայր եմ, դրա համար եմ այդպես մտածում, բայց  կարծում եմ, որ սա համամարդկային ցավ է»,- նշում է Արևիկ Սիմոնյանը։

Յուրահատուկ ցուցադրությունը համալիրի դահլիճի ութ սրահներում էր ներկայացված, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր խորագիրը՝ «Երկինք», «Ծնունդ», «Մկրտրություն», «Օրհնություն», «Մեղսագործություն», «Ցավ», «Կորուստ», «Դատարկություն»: Ցուցադրության հյուրերը հերթով անցան բոլոր սրահներով, որտեղ թե՛ երաժշտությունը, թե՛ նորարարական լուծումները անմիջապես համապատասխան աուրա էին ստեղծում: Եվ այդ ամենի էպիկենտրոնում դիզայների հագուստներն էին ու ձեռքի աշխատանք զարդերը:   

«Մարդը զգացմունք է, աղոթք է , տարերք է: Մարդը հավատք է: Իսկ հայի ճանապարհը՝ միասինն է: Ես ուզում եմ, որ այս ցուցադրությունից հանդիսատեսը դուրս գալիս ոչ թե ասի՝ «հետաքրքիր ցուցադրություն էր», այլ իր հետ տանի ինքն իրեն վերանայելու, արժևորելու ու մեր ունեցածը գնահատելու գաղափարը»,- ասում է հեղինակը:

Ցուցադրության գաղափարը ծնվել է հետպատերազմյան շրջանում: Բայց, ասում է նա, ցանկացել է ցույց տալ ոչ թե պատերազմը՝ մեծ ցավ, այլ շեշտադրել այն, որ մարդուց պատերազմը շատ կարեւոր բաներ է խլում:


"Մենք ցանկացել ենք ցույց տալ մարդու կյանքի ճանապարհը՝ հիմնավորելով, որ ամեն ինչ կախված է մեր ընտրությունից: Դրա համար մենք պետք է ընտրենք բարին, իսկ դրա կողքին մեր եկեղեցին է, մեր հավատը»,-շարունակում է Արեւիկ Սիմոնյանը։

H2O. այսինքն՝ ջուր, որից կախված է մեր կյանքը: Եվ պատահական չէ, որ ցուցադրությունը հենց այս խորագիրն ունի: Հեղինակն ասում է՝ պատերազմն արցունք է, ուրախությունը ևս արցունք է բերում: Լացում ենք, մեր աչքերից արցունք է գալիս, մեր մկրտության ժամանակ էլ ջուրը կա: Ասում է՝ հավաքածուն ստեղծելիս փորձել են այն այնպես մատուցել, որ հասկանալի լինի գաղափարը: Եվ, միանշանակ, սա ավելի շատ զգայական ցուցահանդես է, քան հագուստային:



Եվ բոլոր սրահներն անցնելիս, հասկանալի է դառնում ՝  Kivera Naynomis բրենդի նախորդ ցուցադրությունների հետ որևէ զուգահեռ անցկացնել չես կարող: Ավելին՝ մինչ այսօր Հայաստանում որևէ դիզայներ նման կոնցեպտով, նման խորը գաղափարով հանդես չի եկել:  H2O-ի պարագայում հագուստը չէին ցուցադրում մոդելները, դրանք ցուցադրված էին մանեկենների վրա, իսկ ներկայացված նմուշները կրելի զգեստներ չէին, այլ՝ արվեստ ներկայացնող աշխատանքներ:


Արեւիկ Սիմոնյանը վստահեցնում է, որ այս ցուցադրության առանցքում ոչ թե զուտ հավաքածուն է, այլ մեր հավատքը, աշխարհում առաջինը Քրիստոնեություն ընդունած հայը:  




Նշենք, որ ցուցադրությունը կներկայացվի Ռուսաստանում՝ Մոսկվայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: