Հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 15.4 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել է 15.4 տոկոսով: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 16.6 տոկոսով, շինարարության ծավալն ավելացել է 3 տոկոսով, առևտրի շրջանառությունը` 11.5 տոկոսով, ծառայությւոնների ծավալը` 21.2 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 9 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը` 19.2 տոկոսով
Համաձայն վիճակագրական կոմիտեի տվյալների` արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 60.4 տոկոսով: 2022 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 53.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 65 տոկոսով:
Ցածր բազայի էֆեկտը
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կարծում է, որ տնտեսական ակտիվության 15.4 տոկոս աճը թեև ոգևորիչ է, սակայն առավելապես պայմանավորված է «ցածր բազայի» էֆֆեկտով:
“2021թ-ի հունվարին արձանագրվել էր ՏԱՑ-ի 8.5% անկում”, - ֆեյսբուքյան գրառման մեջ հիշեցնում է Հայկազ Ֆանյանը։
Ավելի օբյեկտիվ լինելու համար նա կոչ է անում 2022 թվականի ցուցանիշները համեմատել 2020թ-ի կամ 2019թ-ի հունվարի արդյունքների հետ, երբ COVID-19-ի ճգնաժամ դեռ չկար: Ըստ այդմ՝ ՏԱՑ-ը 2022թ-ի հունվարին 2020թ-ի հունվարի համեմատ աճել է 5.6%-ով, իսկ 2019թ-ի հունվարի համեմատ 16.1%-ով։
Նա համոզված է, որ արձանագրված ցուցանիշին որոշակիորեն դրական նպաստել է նաև ոչ աշխատանքային օրերի քանակի կրճատումը, որպես proxy կարող ենք ընդունել էլեկտաէներգիայի արտադրության աճը (19.2%) և արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը (16.6%)։
“Առավել հստակ կարող ենք ասել մանրամասն տվյալներ հրապարակելուց հետո միայն”, - ասված է նրա գրառման մեջ։