Արշակյանը՝ ռուս-թուրքական հռչակագրի մասին. դա յուրաքանչյուրի ինքնիշխան իրավունքն է
Այս կամ այն ոլորտում համագործակցության զարգացումն այս կամ այն երկրի հետ յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ մեկնաբանելով Մոսկվայի և Բաքվի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը:
«Խնդիրը վերաբերում է մեզ բարեկամ երկրի շարունակվող արտաքին քաղաքականությանը, բայց դա նրա ինքնիշխան իրավունքն է։ Պետք չէ մոռանալ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի առկայության մասին»,- ասաց փոխխոսնակը։ Նրա խոսքով, Հայաստանը չի կարող պնդել, որ իր դաշնակիցը հարաբերություններ չունենա այլ երկրների հետ։
«Սա կնշանակի, որ Հայաստանը չպետք է համագործակցի շատ այլ երկրների, մասնավորապես՝ ԵՄ երկրների հետ»,- ասաց նա՝ պահանջելով հարգել բոլոր երկրների ինքնիշխան իրավունքները։ Նա ընդգծել է, որ հայկական կողմը, հայկական դիվանագիտությունը չեն կարող ազդել կամ խոչընդոտել նման գործընթացների վրա։
Արշակյանը նշեց, որ կուսումնասիրվի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված փաստաթղթի բովանդակությունը, որից հետո կհետեւի հայկական կողմի պաշտոնական արձագանքը։
Միաժամանակ, փոխխոսնակը կրկին հորդորեց հաշվի առնել այն ժառանգությունը, որը ներկայիս իշխող թիմը ստացել է իրենց նախորդներից։ «Երբ մենք բախվում ենք որոշակի խնդիրների միջազգային ասպարեզում, Արցախի հարցում, պետք է հաշվի առնել, թե ինչ ճանապարհ է անցել, ինչ է եղել մինչ այս իրադարձությունները, և ինչու ենք հայտնվել այն վիճակում, որում հայտնվել ենք»,- ասաց Արշակյանը: