25.11.2024
Ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքի ցույց է անցկացվում Երևանում
prev Նախորդ նորություն

Երկակի ստանդարտները պետք է մերժվեն՝ ելնելով տարածաշրջանի անվտանգության շահերից. Գրիգորյան

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը կործանարար էր, բայց չլուծեց հակամարտությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Աննա Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական անվտանգությանը նվիրված քննարկումներին, որոնք տեղի են ունենում Երևանում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի երկու հանձնաժողովների համատեղ նիստի շրջանակում:


«Հակամարտությունը դեռ գոյություն ունի։ Ավելին, ռազմական գործողությունները խաթարել են ցանկացած խաղաղ համաձայնագրի կնքման բոլոր հեռանկարները։ Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսության մասին խոսելը շատ դժվար է։ Սրա վրա դժվար է հույս դնել այն պայմաններում, երբ հայ ռազմագերիները շարունակում են մնալ Ադրբեջանում՝ ենթարկվելով խոշտանգումների և նվաստացման»,- ասաց նա։ Պատգամավորն ընդգծել է, որ խաղաղ հայ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի անընդունելի գործողությունները փաստագրված են։ «Ինչպե՞ս կարող ենք խոսել խաղաղ գործընթացի մասին, երբ ամեն օր տեսնում ենք այլատյացության և ցինիզմի նշաններ Ադրբեջանի կողմից։ Ավելին, մինչ մենք այսօր այստեղ նստած ենք, ադրբեջանական զինված ստորաբաժանումները շարունակում են օկուպացված պահել իմ հայրենի շրջանի մի մասը»,- ասաց Գրիգորյանը։


Դիմելով քննարկման մասնակիցներին՝ պատգամավորը նշեց. «Եվրոպան լռում է, և այս իրավիճակում ավելի դժվար է փորձել լուծել այս խնդիրը։ Կարմիր գծերի, ընդհանուր արժեքների մասին խոսելը չափազանց դժվար է... Լեռնային Ղարաբաղի պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը, աջակցում է Թուրքիան, պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևը շարունակում է պահել մեր ռազմագերիներին... Եթե ուզում ենք գնալ անվտանգության և քաղաքական երկխոսության, այլ ոչ թե այլատյացության և հակամարտությունների ճանապարհով, Եվրոպան պետք է հավասարակշռված քաղաքական գնահատական տա, երկակի ստանդարտները պետք է մերժվեն, եթե մենք ուզում ենք անվտանգություն ապահովել մեր տարածաշրջանում»,- ասաց նա։