25.11.2024
Հայաստանի և Իրանի արդարադատության նախարարները համագործակցության հուշագիր են ստորագրել
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանը պատմել է, թե ինչ է արել բունկերում 44-օրյա պատերազմի ժամանակ

Մի շարք նախկին բարձրաստիճան զինվորականների հայտարարությունները, թե պատերազմի ժամանակ իրենց թույլ չեն տվել գործել, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։


«Սուտ է։ Չի եղել և չէր կարող լինել այնպիսին, որ ինչ-որ մեկը ցանկանար ինչ-որ բան անել, և թույլ չտային դա անել»,- ասաց նա։ Բաբայանը նշեց, որ ինքն այս մասին բազմիցս հայտարարել է իր հրապարակային խոսքում, և երբ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննչական հանձնաժողովն ավարտի իր աշխատանքը, երկրի հանրությունը կհամոզվի նրա խոսքերի ճիշտության մեջ։


Լրագրողները հետաքրքրվեցին, թե ռազմական գործողությունների ժամանակ նա, լինելով որոշումների կայացման անմիջական մասնակից, ինչպես կարող է համարվել անկախ փորձագետ, Բաբայանը նշեց, որ ինքը որոշումների կայացմանը չի մասնակցել։


Բաբայանն ընդգծեց, որ լրագրողները վատ են պատկերացնում Անվտանգության խորհրդի քարտուղարի գործառույթները։ «Փաստաթուղթ կա, անհրաժեշտության դեպքում ձեզ ցույց կտան։ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը գրավոր դիմում է հղել Արցախի ՊԲ, որտեղից նրան ասել են, որ իրավունք չունի զբաղվել իրենց գործերով, անգամ հարցեր տալ։ Ինչպիսի՞ մասնակցության մասին է խոսքը որոշումների կայացմանը»,- ասաց Բաբայանը:


Բաբայանը «բունկերում» իր ներկայությունը բացատրեց այսպես. «Որպես Արցախի նախագահի խորհրդական՝ ես այնտեղ էի, որպեսզի ուշ երեկոյան զեկուցեմ նախագահին կատարվողի մասին։ Ես չեմ միջամտել, հրաման չեմ տվել, չեմ խոսել։ Ես կանգնել եմ այնպես, ինչպես հիմա եք՝ խոսեցին, ես լսեցի, զեկուցեցի ղեկավարությանը»,- ասաց նա։


Միաժամանակ Բաբայանը շեշտեց, որ անձամբ կպատասխանի նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին, իսկ իր մասնակցությունը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին արտախորհրդարանական 11 ուժերի որոշումն է։