Եթե պատերազմը չպարտվեինք, Սոֆիա Հովսեփյանն այսօր էլ կլիներ իշխող ուժի անդամ. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոև Սոֆիա Հովսեփյանի 5-րդ ալիքի եթերում արված այն հայտարարությանը, որ Անվտանգության խորհրդի 2020թ. դեկտեմբերին տեղի ունեցած նիստում, որին ներկա է եղել նաև ինքը (նույն նիստերին ներկա է գտնվել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը), իբր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնելու է Դիզափայտի բարձունքը, ինչպես նաև Խծաբերդն ու Հին թաղերը։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման քննարկում մեր մասնակցությամբ որևէ հանդիպման կամ նիստի ժամանակ տեղի չի ունեցել, այսինքն` հայտարարությունը բնականաբար սուտ է, և ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու է Սոֆիա Հովսեփյանը տարածում նման սուտ տեղեկություն, և ինչ օրակարգ են սպասարկում այս սուտը ակտիվորեն տարածող տելեգրամյան ալիքներն ու կայքերը։
Զարմանալի է հետպատերազմյան շրջանում Սոֆիա Հովսեփյանի մեղադրանքները լսելը, քանի որ տիկին Հովսեփյանը լքել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը միայն 2021թ. հունվարի 9-ին, ինչը նշանակում է, որ նա «Իմ քայլ»-ի յուրաքանչյուր պատգամավորի հետ միասին համապարտ պատասխանատվություն է կրում թե՛ մինչպատերազմյան շրջանի, թե՛ պատերազմի ընթացքի և թե՛ հետպատերազմյան շրջանի համար։
Վստահ ենք նաև, որ եթե պատերազմը չպարտվեինք, տիկին Հովսեփյանն այսօր էլ կլիներ իշխող ուժի անդամ և կվայելեր իշխանության բարիքները», - ասված է Էդմոն Մարուքյանի հայտարարության մեջ։