Դոնբասում իրավիճակը սկսում է հիշեցնել Արցախում հումանիտար աղետի մասին. ԱՀ պետնախարար
Արցախում մտահոգությամբ են հետևում Դոնբասում իրավիճակի սրացման վերաբերյալ նորություններին։ Իր Telegram ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ըստ նրա` քաղաքացիական բնակչության տարհանումը, զոհերի և վիրավորների մասին տեղեկատվությունը, մյուս զարգացումներն աստիճանաբար սկսում են հիշեցնել Արցախում 2020 թվականին ադրբեջանա–թուրքական ագրեսիայով պայմանավորված աղետի մասին։
Բեգլարյանի խոսքով` հատկանշական է, որ արցախա–ադրբեջանական հակամարտությունը ավանդաբար եղել է աշխարհաքաղաքական այն բացառիկ կետերից մեկը, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցել են հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։
«Ու թեև համատեղ այդ ջանքերն արդյունք չեն տվել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի և միջազգային կանխարգելիչ կոշտ արձագանքի բացակայության պատճառով, այնուամենայնիվ կարծում եմ, որ Արցախի հարցով երկարամյա դրական փորձը կարելի է կիրառել Դոնբասում և հասնել հակամարտության երկարատև կարգավորման», – նշել է նա։
Բեգլարյանը հույս է հայտնել, որ խելամտությունն ու մարդասիրությունը կհաղթեն և հնարավոր կլինի ինչպես Դոնբասում, այնպես էլ Ռուսաստան–Արևմուտք հարաբերություններում խաղաղ լուծմում գտնել` հաշվի առնելով բոլոր կողմերի կարևոր նշանակություն ունեցող կենսական շահերը։