Արցախի Հանրապետության տարածքները պետք է ապաբռնազավթվեն. Արտակ Բեգլարյան
Քիչ առաջ Ազգային ժողովը ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որի նախագծի մշակման աշխատանքները դեռևս ամիսներ առաջ մեկնարկել էինք կառավարությունում: Այս օրենքը ոչ միայն պետության քաղաքական դիրքորոշման իրավական ձևակերպումն է, այլ նաև կարգավորում է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում իրավահարաբերությունները, հստակեցնում է Ադրբեջանի պատասխանատվության շրջանակները:
Այս մասին գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր ալիքում։
«Այդ օրենքը առնչվում է և՛ տնտեսական հարաբերություններին ու ընթացակարգերին, և՛ ընդերքի ու այլ բնական ռեսուրսների օգտագործմանը, և՛ մարդու իրավունքների պաշտպանությանը:
Բացի դրանից, կարևոր է հաշվի առնել, որ օտարերկրացիները պետք է մուտքի թույլտվություն ստանան ԱՀ կողմից՝ բռնազավթված տարածքներ այցելելու համար, իսկ մարդասիրական առաքելություն իրականացնող անձինք՝ առնվազն տեղեկացնեն ԱՀ իշխանություններին:
Մենք քաջ գիտակցում ենք, որ սահմանափակ իրավական մեխանիզմներ ունենք օրենքում նշված գործառույթները կատարելու և նպատակներին հասնելու համար, սակայն պարտավոր ենք եղած իրավական ու քաղաքական մեխանիզմներն առավելագույնս օգտագործել այդ ուղղությամբ: Արցախի Հանրապետության տարածքները պետք է ապաբռնազավթվեն և մեր քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախներ»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք, օրենքն այսօր ընդունվել է միաձայն: