Իշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է. Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է 2022 թվականի փետրվարի 15-ին.
Սահմանադրական դատարանը կեղծ տեղեկատվություն է տարածել, ըստ որի ՍԴ փոխնախագահ է ընտրվել ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը։ Իրականում նման բան տեղի չի ունեցել, քանզի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի «ՍԴ աշխատակարգային որոշումներ» բաժնում այդ մասին որևէ որոշում չկա, չնայած այն բանին, որ այդ օրվա ամսաթվով հրապարակված են Սահմանադրական դատարանի մի շարք աշխատակարգային որոշումներ։ Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության արդյունքների հիման վրա պետք է կայացվի Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում, ինչպես դա տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 10-ին, երբ Սահմանադրական դատարանի «ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին» թիվ ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշմամբ ՍԴ փոխնախագահ է ընտրվել ՍԴ դատավոր Վ․Հովհաննիսյանը (Microsoft Word – Sdav-24,25,26,27,28,29 (concourt.am)):
Աշոտ Խաչատրյանի պարագայում նման որոշում չի կայացվել, հավանաբար, այն պատճառով, որ գոյություն չունի համանման որոշում նաև ՍԴ դատավոր Արման Դիլանյանին՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի «խելոք»-ները մտածել են, որ Աշոտ Խաչատրյանի վերաբերյալ որոշում կայացնելուց կասկածի տակ կդնեն Արման Դիլանյանի ՍԴ նախագահ ընտրվելու փաստը, առանց հասկանալու, որ Արման Դիլանյանն արդեն իսկ ապօրինի է պաշտոնավարում այդ պաշտոնում, իսկ Աշոտ Խաչատրյանի պարագայում որոշում չկայացնելով, նա նույնպես չի կարող համարվել ՍԴ փոխնախագահ։ Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի երկու դատավորներ՝ Արման Դիլանյանը և Աշոտ Խաչատրյանը որոշել են ինքնահռչակվել համապատասխանաբար ՍԴ նախագահի և ՍԴ փոխնախագահի պաշտոններում։
Այդ առումով Աշոտ Խաչատրյանն ունի բավարար փորձառություն, քանզի մի անգամ արդեն հասցրել է ինքնահռչակվել ՍԴ նախագահի պաշտոնում 2020 թվականին, երբ իշխող վարչախումբը որոշել էր հակասահմանադրական և անօրինական ճանապարհով փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ՝ ապօրինաբար դադարեցնելով Սահմանադրական դատարանի օրինական ընտրված նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները",- գրել է նա։