Ոստիկանապետը Լիտվայի հետ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել
Փետրվարի 17-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
Վահե Ղազարյանը ողջունելով հյուրին՝ շնորհավորեց Լիտվայի ազգային տոնի կապակցությամբ։ Նա բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և Լիտվայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը։
Վահե Ղազարյանը, կարևորելով Լիտվայի ոստիկանության պետի նախատեսված այցը Հայաստան, հույս հայտնեց, որ այն ավելի կխթանի երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը։
Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն իր հերթին համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց։
Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ անդրադարձավ Լիտվայի դեսպանության ծրագրերին, որոնք ընդգրկում են մի շարք ուղղություններ։ Նա նաև կարևորելով երկու երկրների իրավապահ կառույցների կապը՝ մատնանշեց արդյունավետ համագործակցության մի քանի օրինակ։
Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Հիմնականում խոսվեց պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկման մասին։
Կողմերը քննարկեցին համագործակցության նոր ուղղություններին առնչվող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։