Ջրային կոմիտեն ու «Վեոլիա Ջուր»-ը քննարկել են կառուցապատողներին հուզող խնդիրներ
ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի գլխավորությամբ ՀՀ կադաստրի և քաղաքաշինության կոմիտեների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում` կառուցված և նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Ջրային կոմիտեին հանձնելու և այն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին փոխանցելու ընթացքում առաջացող խնդիրների կարգավորման հետ կապված։
Հանդիպման ընթացքում կարևորվել են նախագծման թույլտվություններին կից տեխնիկական պայմանի տրամադրմանն առնչվող հարցեր, պարզեցված ընթացակարգով համապատասխան տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև գործընթացները պատշաճ կազմակերպելու հետ կապված մի շարք հարցեր:
Նշվեց, որ բազմիցս Ջրային կոմիտե են դիմում կառուցապատող կազմակերպություններ՝ ստանալու ավարտական ակտերը և միաժամանակ այն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին փոխանցելու համար:
Այս գործընթացը պատշաճ և սահուն կազմակերպելու նպատակով, ինչպես նաև բազմաբնակարան նորակառույց շենքերի ավարտական ակտերը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից հաստատելու հետ կապված ծավալված քննարկման արդյունքում առաջարկվեցին մի շարք լուծումներ:
Միաժամանակ անհրաժեշտություն է առաջանում նաև սահուն և պատշաճ կազմակերպել արդեն իսկ ձևավորված գույքի` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին հանձնման գործընթացը:
Քննարկման արդյունքում եզրահանգման եկան, որ գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով կարելի է քննարկել միայն պոմպակայանները և դրանց լրացնող գույքը որպես պետական սեփականություն գրանցելու հարցը:
Հանդիպման ավարտին կողմերը ձեռք բերեցին պայմանավորվածություն` մեկշաբաթյա ժամկետում յուրաքանչյուր շահագրգիռ կողմ Ջրային կոմիտե ներկայացնի իր իրավասություններից բխող առաջարկություններ: