Երևանում կառուցվելու է ավտոբուսների նոր հավաքակայան
Կառավարության փետրվարի 17-ի նիստում որոշում է կայացվել Երևանում կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան։
Նոր հավաքակայանը գտնվելու է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակ և Արշակունյաց փողոցների հատման վայրի հետնամասում։ Նշված տարածքը մինչև հանրային գերակա շահ ճանաչելը կառավարությունը որոշել է այնտեղ առկա գույքերի նախնական ուսումնասիրություն իրականացնել։
Համաձայն որոշման, ավտոբուսների նոր հավաքակայանը կառուցումը ֆինանսավորելու է Ասիական զարգացման բանկի քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում։
Համաձայն այդ ծրագրի, հավաքակայանը կունենա կայանատեղի, գազալիցքավորման կայան, լվացման կայան, ադմինիստրատիվ շենք, սպասարկող շինություն և այլն։ Տարածքը 12 հեկտար է, հավաքակայանը սպասարկելու է 400 ավտոբուս։ Ծրագիրը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ 350 միլիոն դրամ։
«Երևանի համար արդեն իսկ ձեռք է բերվել 211 նոր ավտոբուս, ևս 100-ը առաջիկայում է ձեռք բերվելու, սակայն ավտոբուսների գործող հավաքակայանների վիճակն անբավարար է, դրանք չեն համապատասխանում աշխատանքային ու անվտանգության պայմաններին»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։