Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման հարցը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը։ Այս մասին փետրվարի 16-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։
Բացի այդ, Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում սրվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ տարածաշրջանում սկսվեցին ակտիվ ռազմական գործողությունները։ Նույն թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
Փաստաթղթի համաձայն՝ ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առել իրենց դիրքերում, մի շարք շրջաններ անցել են Բաքվի վերահսկողության տակ, իսկ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահներ։
2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։ Այդ նպատակով որոշվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել։