Ադրբեջանի զինծառայողներն ամեն օր ոտնահարում են ՀՀ բնակիչների իրավունքները. ՄԻՊ-ը՝ դեսպանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիի հետ։
ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Արման Թաթոյանը ներկայացրել է ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում նշել է, որ ներկայում գլխավոր հարցերից է անվտանգության ու մարդու իրավունքների կապի ապահովումը: Ադրբեջանական զինված ծառայողները ամեն օր ոտնահարում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (կյանքի իրավունք, ջրի ու սեփականության իրավունքներ և այլն)՝ կոպտորեն խախտելով հենց ՄԱԿ-ի պահանջները, ուստի նրանք պետք է հեռանան, որ մարդկանց բնականոն կյանքը երաշխավորվի. պետք է ստեղծվի անվտանգության գոտի:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին պաշտոնավորման ողջ ընթացքում կատարած աշխատանքի և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր առաքելության համար: