Թուրքիայի հայտարարությունները հակաարդյունավետ են. ԵՄ
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել Թուրքիային հարգել Հունաստանի ինքնիշխանությունը և հակաարդյունավետ է անվանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունները հունական կղզիների մասին։ Այդ մասին փետրվարի 14-ին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
«Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մեկնաբանությունները վերջերս տված հարցազրույցում, որտեղ նա վիճարկում էր Հունաստանի ինքնիշխանությունն իր որոշ կղզիների նկատմամբ, հակաարդյունավետ են և հակասում են Արևելյան Միջերկրական ծովում դեէսկալացիայի ջանքերին, որոնք նախատեսված են Եվրոպական խորհրդի 2021 թվականի մարտի 23-ի և հունիսի 24-25-ի եզրակացություններում», ասված է կիրակի երեկոյան Բրյուսելում տարածված կոմյունիկեում։
Դրանում ընդգծվում է, որ «այդ կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում»։
«Թուրքիան պետք է հարգի այն, ձեռնպահ մնա սադրիչ հայտարարություններից և գործողություններից, անվերապահորեն հավատարիմ մնա բարիդրացիական հարաբերություններին և աշխատի ցանկացած վեճերի խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ասվում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Բրյուսելը մատնանշում է, որ «միջազգային համաձայնագրերը պետք է հարգվեն»։
Օրերս Չավուշօղլուն թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հերթական անգամ բարձրացրել է հունական մի շարք կղզիների ապառազմականացման ու ինքնիշխանության հարցը։ Նա հայտարարել էր, որ Աթենքի` այս կղզիների շարունակական ռազմականացումը կասկածի տակ կդնի նրանց ինքնիշխանությունը: