24.11.2024
Տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանը» շարունակում է առաջ գնալ. փորձագետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հրաչյա Սարգսյանը ձեւացրել է, թե ամեն ինչ հրաշալի է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք փետրվարի 2-ին գրել էինք, որ Երեւանի փոխքաղաքապետեր են նշանակվելու Գեւորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը եւ Ստեփան Մաչյանը: Երեքին էլ ընտրել է Տիգրան Ավինյանը, որը շուտով նշանակվելու է քաղաքապետի առաջին տեղակալ` դե ֆակտո քաղաքապետի լիազորություններով: Երեկ ներկայացնելով նորանշանակ փոխքաղաքապետերին՝ դեռեւս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ձեւացրել է, թե ամեն ինչ հրաշալի է, եւ ասել է, որ «շատ լավ, բովանդակային թիմ է ձեւավորվում»: Հայտնի է, որ Գեւորգ Սիմոնյանը համակարգելու է առողջապահության եւ սպորտի ոլորտները, Սուրեն Գրիգորյանը, չգիտես ինչու, ոչ թե իրավաբանական, այլ առեւտրի եւ գովազդի ոլորտները, իսկ Ստեփան Մաչյանը` քաղաքաշինական»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներում այս պահի դրությամբ որոշում ունեն՝ ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրել, այլեւ չմասնակցել նախագահի ընտրության հարցի քննարկմանը, որպեսզի ինչպես դաշինքների համատեղ հայտարարությանն են հղում անում, «որեւէ կերպ» չլեգիտիմացնեն նախագահի ընտրությունը։ Իսկ ՔՊ թեկնածու Վահագն Խաչատուրյանի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա մարտի սկզբին՝ մարտի 1-4-ն ընկած հերթական նիստերի օրերին։ Որքան էլ տարակուսելի է, բայց Սահմանադրությամբ նախատեսված «անաչառ» նախագահը մինչեւ այս պահը ընդդիմադիր դաշինքների հետ հանդիպելու առաջարկ կամ պատրաստակամություն չի հայտնել։ Թեպետ առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 պատգամավորի քվե է հարկավոր։ Այսինքն, առաջին փուլում իրենց թեկնածուին անցկացնելու համար իշխանական խմբակցությունն ընդդիմության ձայների կարիքն ունի, բայց քանի որ նախագահի ընտրության երկրորդ ու երրորդ փուլեր կան, որտեղ իշխանական խմբակցությունն անհրաժեշտ ձայները միայնակ կարող է ապահովել, ուստի ընդդիմությանը չեն էլ փորձում ներգրավել։ Հանրային համերաշխության խնդիրն այս իշխանությունների համար գոյություն չունի, հակառակ պարագայում կփորձեին կոնսենսուսի գալ եւ այնպես անել, որ ընդդիմությունն էլ մասնակցի ՀՀ նախագահի ընտրությանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի՝ ՊԵԿ որոշ պաշտոնյաների հետ կապված սկանդալային բացահայտումներից հետո, որոնք արվեցին պետերբուրգյան բանտից` մեր թերթի միջոցով, թվում էր, թե հայաստանյան իրավապահ կառույցներն արագ գործի կանցնեն եւ նրա նամակը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելով՝ կսկսեն նյութեր նախապատրաստել: Մասնավորապես` մաքսային կառույցի ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի մասով: Սակայն դրա փոխարեն Փաշինյանի անձնական անվտանգության պաշտպանությունը ստանձնած ԱԱԾ-ն «կոնտր» գործընթաց է նախաձեռնել։ Այդ բացահայտումներից հետո ԱԱԾ աշխատակիցները զանգահարում են բոլոր նրանց, որոնց հետ Ավագյանը կոնտակտ է ունեցել, հեռախոսազրույց ունեցել, եւ հարցուփորձ են անում, թե ինչ է խոսել, ինչի առիթով է շփվել տվյալ անձը Ավագյանի հետ: Մեզ ասացին, որ օրերս կապվել են լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի հետ եւ, իմանալով, որ լրագրողի հետ են խոսում, ով գործի բերումով է շփվել Ավագյանի հետ, դադարեցրել են զրույցը՝ խուսափելով նոր աղմուկից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ հինգ ամիս կալանավայրում անցկացնելուց հետո բժիշկ, պրոֆեսոր եւ պատգամավոր Արմեն Չարչյանը դեկտեմբեր ամսին ազատ արձակվեց` Սահմանադրական դատարանի որոշման հիմքով: Երեկ նա եկել էր խորհրդարան՝ աշխատանքի։ Չարչյանն իրեն լավ է զգում, կալանավայրում էլ, չհաշված առողջական վիճակի վատթարացումը, իրեն վատ չի զգացել։ Անվանի պրոֆեսորին «Վարդաշեն» ՔԿՀ-ում թե՛ քրեական հեղինակությունները, թե՛ շարքային կալանավորները, թե՛ ՔԿՀ աշխատակիցները լավ են վերաբերվել։ Քրեականներից պակաս «հեղինակություն» էլ չի եղել ինքը՝ Չարչյանը, որն անգամ իր «կլիչկան» է ունեցել գաղութում՝ «Պրոֆեսոր»։ Արմեն Չարչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն ընդգծված հարգալից են վերաբերվել, որի պատճառը նաեւ այն է եղել, որ կալանավորների եւ ՔԿՀ աշխատակիցների մեջ եղել են անձինք, որոնց ընտանիքի անդամներին ու մերձավորներին ինքը ժամանակին բուժած է եղել։ Բայց ասաց, որ իր համար որեւէ արտոնություն կամ բացառություն չեն սահմանել ՔԿՀ-ում, պարզապես լավ են վերաբերվել՝ զուտ անձնապես»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը վերջին շրջանում բավականին ակտիվացել է, եւ ինչպես նկատում է «Ժողովուրդ» օրաթերթը, հրապարակային դաշտում կոշտ քննադատում կամ ուշագրավ որոշումներ է կայացնում նախաքննական մարմինների գործունեության մասով: Օրինակ՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ էր հայտարարել եւ այն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Դատախազությունից, սակայն, հայտնել էին, որ քրեական գործը չի հաստատել դատախազը եւ այն հետ է ուղարկել: Գրեթե նույնը կրկնվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով: Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Ու թեեւ գործերը հետ են ուղարկվել, բայց, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն, գործով անցնող մեղադրյալների մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի իրականացվել: Եվ, ահա, հիմա էլ դատախազությունը ոստիկանությանն է կոշտ քննադատության ենթարկել եւ այն էլ՝ հրապարակային: Ըստ դատախազության՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, պարտականությունների հանցավոր չկատարում, ինչը նպաստում է հանցագործությունների թվի աճին: Այսինքն՝ ոստիկանները հանցանքի դեպքերը չեն գրանցում, որ չբացահայտման դեպքեր չունենան: Արդյունքում թերությունների վերացման համար Գլխավոր դատախազը դիմել է ՀՀ ոստիկանապետին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կկատարվի, ինչի արդյունքում ավիաընկերությունները կարող են տուգանվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխադրողը պատասխանատվություն կկրի ուղեւորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով, միջազգային բժշկասանիտարական կանոնների պահանջների խախտումով փոխադրման համար: Այսինքն՝ ավիաընկերությունը պատասխանատվություն է կրելու Հայաստանի օդանավակայանում ուղեւորների եւ օդանավի անձնակազմի անդամների պահպանության եւ խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչեւ սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից ՀՀ տարածք մուտքի թույլտվության տրամադրումը։ Ավելին, պատասխանատվություն է կրելու նաեւ օդանավակայանում ուղեւորների պահպանության եւ խնամքի համար սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տվյալ չվերթի ուղեւորին ՀՀ տարածք մուտքի թույլտվության տրամադրումը սահմանված կարգով մերժելու դեպքում: Այս պահանջները չկատարելու համար տուգանք կնշանակվի, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղեւորների առջեւ միջազգային ստանդարտներով սահմանված պատասպանատվության պատշաճ կատարմանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահանջների չկատարման դեպքում ավիաընկերությունը կտուգանվի 500 հազար դրամի չափով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961.0 հազար մարդ։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.3 հազար, այսինքն՝ մեկ տարում մշտական բնակչության թիվը նվազել է 2?3 հազարով։ 2020 թվականի տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 959.7 հազար, իսկ 2019-ի սկզբին՝ 2 մլն 965.3 հազար։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 891.9 հազար, իսկ գյուղականը՝ 1 մլն 069.1 հազար։ Երեւան քաղաքի մշտական բնակչության թիվը կազմել է 1 մլն 092.7 հազար մարդ։ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 964.6 հազար մարդ, այդ թվում՝ քաղաքայինը՝ 1 մլն 896.7 հազար, գյուղականը՝ 1 մլն 067.9 հազար մարդ: 2020 թվականի հուլիսի մեկի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.0 հազար, այսինքն՝ հեղափոխությունից հետո բնակչության թիվը շարունակում է նվազել»: