23.11.2024
Լիլիթ Մակունցը ամերիկացի կոնգրեսականին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է Բաքվի՝ հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձերը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու մտադրության կապակցությամբ.

"Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումը, որի աշխատանքը, համաձայն պաշտոնատար անձանց հաջորդող հայտարարությունների, ուղղված կլինի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերի ջնջմանը: Տվյալ քայլը ևս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է այն ակնհայտ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը լիակատար ոչնչացման կամ պատմական արմատներից անջատվելու իրական վտանգ է սպառնում:

Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանի կողմից պատմության կեղծումն ու մշակութային ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ կանոնավոր կերպով իրականացվող ավելի լայն հակահայկական քաղաքականության մաս են կազմում: Եթե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում պատմության և մշակույթի հետ մեքենայությունները ծառայում էին որպես արդարացում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայկական բնակչության բռնի տեղահանման համար, ապա հիմա դրանք միտված են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ուժի ապօրինի կիրառման արդյունքների օրինականացմանը:

Ինչպես օկուպացված տարածքներում, այնպես էլ Ադրբեջանում հայկական ներկայության ոչնչացումը պատմության կեղծման, հայկական մշակութային կոթողների ոչնչացման և բնիկ տեղանունների անվանափոխման միջոցով, ըստ էության, Ադրբեջանի ագրեսիայի շարունակումն է այլ մեթոդներով:

Միջազգային հանրությունում և փորձագիտական շրջանակներում հստակ համոզմունք կա, որ մշակութային կոթողների ոչնչացումը ոտնձգություն է ժողովուրդների արժանապատվության, արժեքների և կատարելատիպերի նկատմամբ, որի նպատակն է քայքայել ազգի՝ պատմական փորձություններին դիմակայելու և զարգանալու ունակությունը: Հայկական պատմությանը և մշակույթին պատերազմ հայտարարելով՝ Ադրբեջանը հենց այդ նպատակն է հետապնդում:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ոչ միայն Արցախի ժողովրդին իր իրավունքներից, այդ թվում՝ մշակույթի իրավունքից զրկելու փորձ է, այլև՝ մարտահրավեր միջազգային հանրության համար և սպառնալիք խաղաղությանը և անվտանգությանը: Վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի, արձագանքելով հակամարտությունների ընթացքում մշակութային կոթողների դիտավորյալ ոչնչացման հաճախակի դարձած դեպքերին, մշակել է դիրքորոշում, ըստ որի՝ մշակութային օբյեկտների ոչնչացումը պատերազմական հանցագործություն է և հավասարեցվում է ահաբեկչական գործողություններին:

Ադրբեջանում հատուկ հանձնաժողովի ստեղծումը, որը կփոխակերպի հայկական մշակութային և կրոնական կոթողները՝ դրանց հետագա յուրացմամբ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշման կոպիտ խախտում է:Դրանք պաշտոնական Բաքվից պահանջում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով: Որոշումը պարտադիր ուժ ունի Ադրբեջանի համար: Բաքվի հրաժարումը կատարել այն ցուցադրում է Բաքվի մտադրությունը խափանել, թեկուզև տեղային մակարդակով, միջազգային հարաբերությունների համակարգը, որն ապահովում է միջազգային խաղաղություն և անվտանգություն:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը և մասնագիտացված միջազգային կազմակերպություններին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Բաքվին կատարել իր միջազգային պարտավորությունները՝ պահպանելով և հարգելով հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, և լիարժեք կերպով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշումը":