«Հայաստան» խմբակցությունը տուգանքների բալային համակարգի հարցով կդիմի ՍԴ
Փետրվարի 8-ին հերթական նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Տուգանքների բալային համակարգի փոփոխության վերաբերյալ իրենց մոտեցումները փաստարկված ներկայացրել են հիմնական զեկուցող պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հարակից զեկուցող ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը:
Կառավարության եզրակացությունը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ նշելով, որ գործող դրույթները լիովին համապատասխանում են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական նորմերին: Նա առաջարկեց անփոփոխ թողնել օրենսգրքի նախագծի շրջանակներում քննարկվող հոդվածները։
Նախագծի վերաբերյալ հիմնավորված ելույթ ունեցան նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:
«Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցած Արծվիկ Մինասյանը նշեց, որ միավորների հաշվարկման համակարգում խնդիրներ կան, և ներկայացված նախագիծն ուղղված է այն բարձրացնելուն և լուծելուն: Պատգամավորն ընդգծեց, որ խմբակցությունը ևս դիմելու է Սահմանադրական դատարան:
Վերջում Ա.Ֆիդանյանը, Ա. Խաչատրյանը եւ Գ. Մանուկյանը սպառիչ պատասխանեցին պատգամավորների բարձրացրած հարցերին: