Խորհրդարանական ընդդիմությունն Առուշ Առուշանյանի գործով դիմելու է դատարան
Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմակցությունների պատգամավորները դիմելու են դատարան՝ սատարելու անազատության մեջ գտնվող Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: Այդ մասին փետրվարի 8-ին Ազգային ժողովի նիստին հայտարարեց ԱԺ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի՝ նախնական կալանքի տեսքով խափանման միջոցը գրավի դիմաց ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդության քննմանը, Օհանյանը Գորիսի քաղաքապետին քաղբանտարկյալ անվանեց և դատապարտեց տեղական ինքնակառավարման մարմինների դեմ ուղղված գործողությունները։
«Այդ գործողություններն անօրինական են», - ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները դիմելու են դատարան եւ սատարելու են Առուշ Առուշանյանին։ «Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այդ պայքարին»,- ասաց նա:
Գորիսի քաղաքապետը մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելու, կազմակերպելու և օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար:
44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած Առուշանյանն իրեն ներկայացված մեղադրանքը ապօրինի և քաղաքական է որակում։
Նրա դեմ ցուցմունք է տվել Գորիսի կազմի մեջ մտնող Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը, որը սկզբում կալանքի տակ էր, հետո դատախազի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Առուշանյանի փաստաբանի խոսքով, Ավետյանը սկզբում արդարացնող, հետո մեղադրող ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ։