Օկուպացված Ակնաղբյուրի բնակիչների համար կառուցվում է նոր բնակավայր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարաններով: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը:
Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով:
Բնակավայրը կունենա խաղահրապարակներ և բնակիչների կենսաապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ.-ի սկզբին: