24.11.2024
Պաշտոնապես. Վահագն Խաչատրյանը ՀՀ նախագահի թեկնածու
prev Նախորդ նորություն

Դրական եմ գնահատում գնաճի զսպման ուղղությամբ մեր գործողությունները. ԿԲ նախագահ

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը դրական է գնահատում գնաճի զսպման ուղղությամբ գլխավոր բանկի կատարած քայլերը՝ չնայած այն հանգամանքին, որ 2021 թվականին գնաճը Հայաստանում կազմել է 7,2 տոկոս, իսկ միայն սննդամթերքի գների աճը եղել է շուրջ 12 տոկոս։


«Այո դրական եմ գնահատում գնաճի զսպման ուղղությամբ մեր գործողությունները, քանի որ հակառակ պարագայում ընդհանուր գնաճը անցյալ տարի կարող էր հասնել մինչև 15 տոկոսի, իսկ սննդամթերքի գների աճը՝ 20 տոկոսի», - այսօր՝ փետրվարին 1-ին, վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։


Կենտրոնական բանկի կանխատեսմամբ Հայաստանում դեռևս պահպանվում է հատկապես արտաքին աշխարհից ներթափանցող գնաճային ճնշումը, որի պատճառով էլ ԿԲ խորհուրդը փետրվարի 1-ին որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսոադրույքը ևս 0,25 ոտկոսային կետով՝ սահմանելով այն 8 տոկոս։


«ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական վերականգնումը: Հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում բարձր գնաճային միջավայրը պահպանվում է էներգակիրների ավելի բարձր գների և արտադրաշղթաների խաթարումների հետևանքով։ Միջազգային գների աճն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում կանխատեսված ցուցանիշների համեմատ ավելի բարձր գնաճի մակարդակով։ Այդ պատճառով գործընկեր երկրների ԿԲ-ները նախանշում են սպասվածի համեմատ դրամավարկային պայմանների ավելի արագ խստացում: Արդյունքում` արտաքին հատվածը ՀՀ տնտեսության վրա դեռևս կունենա գնաճային ազդեցություն», - ասաց Գալստյանը։


Նա կարծում է, որ այս տարվա ընթացքում գնաճային ճնշումները ավելի մեղմ կլիննեն և տարեվերջին գնաճը կկայունանա կանխատեսելի՝ 4+/-1,5 տոկոս միջակայքում։ «Կարծում ենք ամեն դեպքում գնաճը կարող է լինել 5-5,5 տոկոս», - ասաց նա։


Հարցին՝ ինչ ազդեցություն կունենա գնաճի վրա կոմունալ ծառայությունների գների բարձրացումը, Գալստյանը պատասխանեց՝ շուրջ 1 տոկոս։ Սակայն նրա պատասխանում հաշվարկված չէ գազի գնի հնարավոր բարձրացումը, քանի որ դեռ չգիտեն, թե այն որքան է բարձրանալու։