Օբաման կրկին խուսափեց ցեղասպանություն եզրույթի գործածումից՝ գործածելով Մեծ եղեռն ձևակերպումը
Ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս, ինչպես իր նախագահության նախորդ վեց տարիներին, օգտագործեց հայերեն Մեծ եղեռն ձևակերպումը` այն մեկնաբանելով որպես 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագություններ և խուսափով ցեղասպանություն եզրույթի գործածումից:
«Այս տարի մենք հիշատակում ենք Մեծ եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների հարյուրամյակը: 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեց նրանց մշակույթը և ժառանգությունը իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, մեկևկես միլիոն հայեր կործանվեցին», - ասել է ԱՄՆ նախագահը` Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրությունում` շարունակելով. - «Երբ 1915-ի սոսկալի իրադարձությունները բացահայտվեցին, ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուն տագնապի ազդանշան հղեց ԱՄՆ իշխանություններին և հակամարտության մեջ մտավ օսմանյան ղեկավարության հետ: Նրա և այսօրինակ այլ ջանքերի շնորհիվ երևան եկավ ճշմարտությունը Մեծ եղեռնի մասին և ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով իր ներդրումն ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի [դաշնագրի] ընդունման գործում»:
Օբաման նաև ընդգծում է․ - «Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում»: ԱՄՆ նախագահը նաև ողջունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, սակայն այդ համատեքստում հիշատակել է նաև «թուրք և հայ պատմաբանների տեսակետները»: Օբաման, մասնավորապես, ասել է. - «Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև բլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ», հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման հնարավորության հարցին մի շարք միջազգային լրատվամիջոցներին տված հարցարզրույցում անդրադարձել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը նշել էր, որ Միացյալ Նահանգները ոչ թե չեն ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի:
Սարգսյանը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների 51 նահանգներից 44-ը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: "Միացյալ Նահանգների նախկին նախագահներ բազմաթիվ անգամ արտաբերել են այդ բառը, բազմաթիվ անգամ խոսել են Ցեղասպանության մասին, իսկ Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը մեծ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ: Միացյալ Նահանգների նախագահ պարոն Օբաման, լինելով կոնգրեսական, բազմաթիվ անգամ ասել է Ցեղասպանություն բառը, և հիմա էլ նրա խոսնակները, մեկնաբանելով այս հարցը, ասում են, որ պարոն Օբամայի կարծիքը չի փոխվել: Իհարկե, մենք կցանկանայինք, որ այսօր իր ուղերձում պարոն Օբաման ասեր Ցեղասպանություն բառը: Եթե չի ասել, կամ չի ասելու, դրա պատճառը միայն ու միայն մեկն է. ոչ թե Միացյալ Նահանգները չեն ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի", - նշել է Սերժ Սարգսյանը:
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն ևս արձագանքել է Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին: Մասնավորապես՝ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս կապակցությամբ ասել է. «Նախագահ Օբամայի տխուր ներկայացումը, որտեղ նա բառախաղ է խաղում «ցեղասպանություն» եզրույթի հետ, ճշմարտությունն ակնհայտորեն տանում օտար պետության կողմը, հարիր չէ ամերիկացի ժողովրդի արժանապատվությանը»: Համբարյանն ընդգծել է, որ «նման պահվածքով Օբաման, ով թեկնածու եղած ժամանակ խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ժամանակակից աշխարհին ապացուցեց, որ ինքն այդ ղեկավարը չէ»:
Նշենք, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայությունը հիշատակում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի 44-ի նահանգների կողմից: Բարաք Օբաման սենատորի և նախագահի թեկնածուի կարգավիճակում բազմաթիվ անգամ խոստացել է ընտրվելուց հետո ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն 2009թ.-ի ապրիլի 24-ին հղելով իր ուղերձը հայ համայնքին Օբաման խոսել է հայերեն և 1915թ.-ի իրադարձությունները նկարագրելիս օգտագործել Մեղ Եղեռն եզրույթը: