Կիեւում Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում, այժմ դիտարկել այդ երկրից հեռանալու հնարավորությունը:
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հունվարի 26-ին դիվանագիտական ներկայացուցչության կայքում, փոխանցում է EADaily-ն։ Ամերիկացիներին խորհուրդ են տալիս հեռանալ երկրից, «Ռուսաստանի ռազմական գործողությունների» աճող սպառնալիքի եւ անվտանգության հետ կապված իրադրության անկանխատեսելիության պատճառով:
«ԱՄՆ-ի դեսպանատունը Ուկրաինայում ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ է անում դիտարկել այժմ հեռանալու հնարավորությունը՝ օգտագործելով առեւտրային կամ այլ մասնավոր տրանսպորտային միջոցներ։ ... Դեսպանատունը բաց է մնում եւ կարող է ընդունել ԱՄՆ անձնագրեր եւ արտասահմանում ծննդյան հյուպատոսական հաշվետվություններ, ինչպես նաեւ կարող է ԱՄՆ քաղաքացիներին հայրենադարձության պարտքեր տրամադրել, որոնք ներկայումս չեն կարող իրեն թույլ տալ գնել առեւտրային տոմս դեպի Միացյալ Նահանգներ», — նշվում է հայտարարության մեջ:
Ինչպես պարզաբանել են դեսպանատնից, ԱՄՆ-ի քաղաքացիները, որոնք ցանկանում են մեկնել Ուկրաինայից, ներկայումս ունեն մի քանի տարբերակ՝ դա անել Ուկրաինայի բոլոր միջազգային օդանավակայաններից:
«Եթե դուք դժվարություններ եք ունեցել չվերթն ամրագրելու հարցում, կամ ձեզ օգնություն է հարկավոր Միացյալ Նահանգներ վերադառնալու համար, խնդրում ենք կապվել Կիեւում ԱՄՆ դեսպանատան հետ ցուցումներ ստանալու համար», — ասված է հաղորդագրության մեջ:
Այն ԱՄՆ քաղաքացիներին, որոնք, այնուամենայնիվ, կորոշեն մնալ Ուկրաինայում, դիվանագետները խնդրում են լրացնել հատուկ առցանց հայտ, որպեսզի հեշտացնեն դեսպանատան հետ շփման գործընթացը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը թույլատրել էր Ուկրաինայից կամավոր մեկնել Կիեւում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների մի մասին եւ դիվանագետների ընտանիքների անդամներին: Վաշինգթոնի օրինակին հետեւել է նաեւ Լոնդոնը. հունվարի 24-ին BBC բրիտանական ռադիոհեռարձակման կորպորացիան հայտնել է, որ Կիեւում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցների մոտ կեսը կտարհանվի: