25.11.2024
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Կիպրոսը կհամագործակցեն ռազմական ոլորտում

 Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը:


Հունվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Կիպրական կողմին են ներկայացվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քննարկվել են նաև երկու երկրների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը միտված համագործակցության ուղղությունները՝ առկա մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով: Կարևորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ 2019 թվականին նախաձեռնված Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունը, որի շրջանակներում 2021թ․-ին արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ:


Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին Արցախի հարցում հստակ դիրքորոշման և միջազգային հարթակներում աջակցության համար, հաստատել հայկական կողմի դիրքորոշումները Կիպրոսի հիմնահարցի և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:


ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը այս ուղղությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ։


Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը հաստատել է բոլոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու և նոր ոլորտներ նախաձեռնելու կիպրական կողմի պատրաստակամությունը:


Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն այս տարի:


Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղել ՀՀ ՊՆ մի շարք զորամասերում: