Բաքուն խոչընդոտներ է ստեղծում Մինսկի խմբի համանախագահների այցը Արցախ կանխելու համար. ԱԳՆ
Ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն այցելում Արցախ. Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ վերջին անգամ նրանք Արցախում եղել են 2019 թվականի վերջին։ Հետո սկսվեց կորոնավիրուսային համաճարակը, իսկ հետո եղավ 44-օրյա պատերազմը։ Մինչդեռ նախատեսվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի տարբեր ժամկետներ, որոնք բազմիցս հետաձգվել են։
«Բայց դրանք տեխնիկական խոչընդոտներ են։ Ավելի կարևոր է, որ Ադրբեջանը փորձում է կանխել այդ այցը»,- հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաբայանը։
Նախարարը հիշեցրեց, որ վերջերս Երևանում տեղի է ունեցել Արցախի նախագահի և ռուս նոր համանախագահի հանդիպումը և հույս հայտնեց, որ այցը դեռ կկայանա, մանավանդ որ համանախագահները ևս դա ցանկանում են։
«Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում, վերջերս մենք տեսանք Ալիևի դեմարշը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ։ Բայց չեմ կարծում, որ համանախագահները կենթարկվեն շանտաժին»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Արցախը հնարավորություն ունի իր դիրքորոշումը փոխանցել միջնորդներին։