24.11.2024
Նպաստի չափը կբարձրանա 1000 դրամով՝ էլէներգիայի սակագնի թանկացումը մեղմելու համար
prev Նախորդ նորություն

ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի. պատգամավորները վայելում են արձակուրդը

Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացել է ընդամենը 19 պատգամավոր, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Ազգային Ժողովն արտահերթ նիստ չի հրավիրի: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությանը համաձայնել և համապատասխան ձևաթղթի վրա իրենց ստորագրությունն են դրել ընդամենը 19 պատգամավորներ՝ անհրաժեշտ 44-ի փոխարեն: Փաշինյանն առաջարկում էր ընդմիջել խորհրդարանի ամառային արձակուրդն ու արտահերթ կարգով քննարկել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ պայմանավորված զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու հարցն, այդուհանդերձ, պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը «քաղաքական հարց է», հետևաբար՝ պետք է լուծվի «քաղաքական քննարկումների և քաղաքական որոշումների տիրույթում»: Դեռ երեկ Փաշինյանը նշում էր՝ «Էն, ինչ հիմա այստեղ տեղի է ունենում, սա երկրի ոչ ժողովրդավարական բնույթն ավելի խորացնող գործողություն է: Եվ էստեղ օրենսդիր մարմինն ասի արձակուրդու՞մ եմ․․․ով որտեղ ուզում է լինի, թող թողեն հետ գան»:

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ձևաթղթի վրա, նախաձեռնության հեղինակից բացի, ստորագրել են նաև պատգամավորներ Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը և Իշխան Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ավելի քան տաս հասարակական կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ եւ պահանջել Ազգային ժողովից անհապաղ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու համար երկրում ստեղծված խորը ճգնաժամը: