Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվա
Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ - ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Դեկտեմբերին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կողմերը շուտով փոխադարձ հատուկ ներկայացուցիչ կնշանակեն:
VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանի կողմից Միջնորդության խնդրանք է ստացել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար և պատրաստ է նման աջակցություն ցուցաբերել: Մեկնաբանելով Մոսկվայում կայանալիք հանդիպումը՝ Զախարովան հայտարարել է, որ դա երկու երկրների միջեւ երկխոսություն է:
"Մենք այդ ձևաչափի մեջ չենք մտնում։ Բազմիցս սկզբունքային դիրքորոշում ենք արտահայտել՝ ի աջակցություն երկկողմ հարաբերությունների կարգավորման, երկխոսության կառուցման եւ շփումների կարգավորման։ Գործնականում դրան աջակցել ենք", - հայտարարել է Զախարովան։