24.11.2024
Պարզաբանում հրաժարականի մասին. Արմեն Դարբինյան
prev Նախորդ նորություն

Հայասպանությունը, հային խոշտանգելը միշտ խրախուսվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից.ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել Բաքվում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասված է.


«Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»:


32 տարի առաջ այս օրը սկիզբ առած Բաքվի հայերի ջարդերը պետական հովանավորչությամբ հայատյացության ուղիղ հետևանք էին. այսօր լրանում է այդ ջարդերի 32-րդ տարելիցը` 3-րդը Բաքվում հայերի 1905թ. և 1918թ. զանգվածային ջարդերից հետո:


1990թ. հունվարի 13-19-ը ու նաև մինչ 20 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով սպանվեցին, ունեզրկվեցին և խոշտանգման ենթարկվեցին բազմաթիվ հայեր: Մինչ այդ վայրագությունները Բաքվում ապրում էր 230-250 հազար հայ:


Փաստերը հաստատում են, որ Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԱՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորել են դրանք:


Ադրբեջանի ազգային ճակատի հունվարի 11-ի հանրահավաքի ընթացքում Բաքվից հայերի վտարման և դեպի Ղարաբաղ լայնածավալ զինված արշավի կոչեր հնչեցին:


Հունվարի 13-ին Բաքվում հայերի ջարդերն արդեն կազմակերպված և համատարած բնույթ ստացան։ Նույն օրը երեկոյան մոտ 50,000 ամբոխը, վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» և այլ կարգախոսներ, հավաքվեց Բաքվի Լենինի հրապարակում՝ հանրահավաքի:


Այնուհետև, Ճակատի ակտիվիստների ղեկավարությամբ խմբերի բաժանվելով, ջարդարարները սկսեցին հետևողական կերպով տուն առ տուն քաղաքը «մաքրել» հայերից: Առկա են բազմաթիվ վկայություններ՝ բացառիկ դաժանությամբ իրագործված վայրագությունների ու սպանությունների մասին։ Օրինակ՝ մարդկանց պատուհաններից դուրս նետելու, երկաթե ձողերով ու դանակներով սպանելու, կանանց բռնաբարելու, ողջակիզելու դեպքեր:


Ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»:...


Բաքվի հայ փախստականների վկայությունների համաձայն՝ սկզբում բնակարան էր ներխուժում 10-20 հոգանոց խումբ և սկսում ծեծի ենթարկել, վայրագություններ անել:


Այնուհետև, հայտնվում էր Ազգային ճակատի ներկայացուցիչը, որպես կանոն, բնակարանի փոխանակման կամ, իբր, վաճառքի մասին արդեն պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթերով, որից հետո տանտերերին առաջարկվում էր անհապաղ լքել բնակարանը և ուղևորվել նավահանգիստ: Մարդկանց հիմնականում թույլատրում էին վերցնել անձնական իրերը, սակայն, միևնույն ժամանակ, խլում էին փողը, թանկարժեք իրերը, խնայողական գրքույկները:


Փաստերը վկայում են, որ ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը ներկայացրել են՝ որպես սրտային խանգարումներ)։ Տարբեր տվյալներով սպանվել է մինչև 450 ու դրանից ավելի մարդ:


Փաստերը հաստատում են, որ խոսքը էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին է, որի հիմքում հայերի նկատմամբ պետական աջակցությամբ հայատյացությունն էր:


Ապացույցները հաստատում են, որ հայատյացությունն այդ ժամանակներից ի վեր ոչ միայն չի պակասել, այլ հետագա տարիներին ականատես ենք եղել ավելի դաժան դրսևորումների:


Հայասպանությունը, ազգությամբ հային խոշտագելը խրախուսվել է Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից:


Սրա կոնկրետ վկայություն է 2004թ. փետրվարին Բուդապեշտում միջազգային դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի սպայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով իր հյուրանոցի սենյակում՝ քնած վիճակում: Նա հետագայում հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլ նաև արժանացավ բարձրագույն մակարդակի հերոսացման:


Արցախի բնակչության դեմ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք վկայում են ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով վայրագությունների, այդ թվում՝ հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դաժան սպանությունների, խոշտանգումների, մարմինների անարգանքի բազմաթիվ դեպքերի մասին:


Միջազգային համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է վճռական քայլերով նպաստեն՝ հայատյացության ու թշնամանքի դատապարտելի քարոզչությունը կանխելուն»: