Հայաստանում գազի գինն ապրիլի 1-ից կարող է բարձրանալ
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այսօր պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքում տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից գազի սակագների վերանայման հարցով մտադիր է դիմում ներկյացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի հայ-ռուսական բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ապրիլի 1-ից կիրառել սահմանին գազի գինը ջերմատվությամբ՝ կալորիականությամբ ճշգրտելու մեխանիզմը: Միևնույն ժամանակ հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջիկա տասը տարում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը մնալու է 165 դոլար 1 000 խմ-ի համար։
Նախկինում Հայաստանի համար գազի գնի հաշվարկում հաշվի էր առնվում միայն ծավալը և ոչ փաստացի կալորիականությունը, որը կարող էր ավելի բարձր լինել սահմանված 7 900 կկալ/խմ ստորին կալորիականությունից։
«2022 թ. ապրիլի 1-ից Հայաստան առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում:
Միաժամանակ, եթե բնական գազի ստորին ջերմատվության փաստացի ամսական միջին կշռութային մեծությունը լինի բարձր կամ ցածր 8500 կկալ/խմ, գինը համապատասխանաբար կփոփոխվի ուղիղ համամասնորեն այդ փոփոխությանը», - ասված է Azdarar.am-ում «Գազպրոմ Արմենիայի» տեղադրած հայտարարության մեջ:
Ըստ այդժմ 2022թ. ապրիլի 1-ից «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի կողմից Հայաստան բնական գազի առաքումն ապահովելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դիմել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: