Ինչպե՞ս բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը. գործադիրը գիտի
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 12-ի նիստում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ տուրքի գծով թեմատիկ ստուգում իրականացնել հնարավոր չէ, ուստի առաջարկվում է ելակետային տվյալների եւ գործակիցների ճշտության ստուգման տեսակը փոխարինել պետական տուրքի հաշվարկման եւ գանձման ճշտության ստուգմամբ: Այդ պարագայում հարկային մարմինն իրավունք կունենա վերոնշյալ գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ իրականացնելու պետական տուրքի հաշվարկման ճշտության նկատմամբ պատշաճ հսկողություն: Նշվել է, որ դրանք հիմնականում կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում, ինչպես նաեւ մետաղադրամով, թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտուր, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղեր իրականացնող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերն են: Զեկուցողը պարզաբանել է, որ բացառություն է շահումով խաղերի եւ խաղատների գործունեությունը:
Հաջորդ կարգավորումը հնարավորություն կտա տարեկան պետական տուրք վճարելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանցից առանց փաստաթղթեր պահանջելու վերջիններիս շնորհել հարկ վճարողի հաշվառման համար եւ պետական տուրքի անձնական հաշվեքարտերում պատշաճ վարել այդ տուրքի հաշվառումը:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: