Նազարբաևը չի լքել Ղազախստանը և ներկայումս գտնվում է մայրաքաղաք Նուր Սուլթանում
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը չի լքել երկիրը եւ ներկայումս գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր Սուլթանում:
Համապատասխան հայտարարությունը հունվարի 8-ին իր Twitter-ում հրապարակել է պետության նախկին ղեկավարի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, հաղորդում է EADaily-ն:
«Ելբասին գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում։ Խնդրում ենք նախապես կեղծ և սպեկուլյատիվ տեղեկատվություն չտարածել։ Ելբասին մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում եւ անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ», - գրում է խոսնակը։
Նրա խոսքով՝ «ազգի առաջնորդը» մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել Ղազախստանի բարեկամ պետությունների ղեկավարների հետ: Նա նաեւ կոչ է արել ղազախներին համախմբվել գործող իշխանության եւ նախագահ Տոկաեւի շուրջ:
«Ելբասին կոչ է անում բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջ՝ ընթացիկ մարտահրավերները հաղթահարելու եւ մեր երկրի ամբողջականությունն ապահովելու համար», — հայտարարել է Ուկիբայը:
Հիշեցնենք, որ Նազարբաեւը Ղազախստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է գրեթե 30 տարի եւ լքել է 2019 թվականի մարտին: Դրանից հետո նա դարձել է Ղազախստանի անվտանգության խորհրդի ցմահ ղեկավար եւ իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ, իսկ նրա պատվին Հանրապետության մայրաքաղաք Աստանան են վերանվանել. այն ստացել է Նուր Սուլթան անվանումը:
Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ին։ Հանրահավաքների մասնակիցները դեմ են հանդես եկել հեղուկ գազի թանկացմանը։ Շուտով բողոքի ակցիաներն ընդգրկեցին ամբողջ երկիրը և քաղաքական բնույթ ստացան, բայց հետո վերածվեցին անկարգությունների, ուժայինների հետ բախումների և թալանի։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դիմել էր ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին՝ խնդրելով աջակցել երկրում ահաբեկչական սպառնալիքի հաղթահարմանը:
Հունվարի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բանակցություններ է վարել Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդիի հետ:
Մինչդեռ Ղազախստանն ու նրա բնակիչները ենթարկվում են ահաբեկիչների հարձակումներին, Բլինկենը սկսել է ճամարտակել «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին՝ ի պատասխան Ռուսաստանի ագրեսիայի»։