Տոկաևը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարել Ղազախստանում
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հունվարի 10-ը հայտարարել է հանրապետությունում համազգային սգո օր: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը որոշում է ընդունել 2022 թվականի հունվարի 10-ը հայտարարել համազգային սգո օր: Համապատասխան հրամանագիրը կհրապարակվի Աքորդի կայքում», - գրել է Ուալին Facebook-ի իր էջում։
Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ին։ Հանրահավաքների մասնակիցները դեմ են հանդես եկել հեղուկ գազի թանկացմանը։ Շուտով բողոքի ակցիաներն ընդգրկեցին ամբողջ երկիրը և քաղաքական բնույթ ստացան, բայց հետո վերածվեցին անկարգությունների, ուժայինների հետ բախումների և թալանի։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դիմել էր ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին՝ խնդրելով աջակցել երկրում ահաբեկչական սպառնալիքի հաղթահարմանը: