Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում գռեհկություն են համարել Ղազախստանի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը:
Ինչպես հաղորդում է EADaily-ն, համապատասխան հայտարարությունն իր Telegram-ալիքում հրապարակել է հունվարի 8-ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը իր համար բնորոշ գռեհիկ ոճով կատակել է Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ», — գրել է նա:
Բլինկենի ռեպլիկը Զախարովան անվանել է չարախինդ եւ ընդգծել, որ ՀԱՊԿ խաղաղապահների պատասխանը Ղազախստանի ղեկավարության կոչին բացարձակ լեգիտիմ է:
Նա այսպես արձագանքել է Պետդեպարտամենտի ղեկավարի մեկնաբանությանը՝ կապված Ղազախստանի իշխանությունների որոշման հետ՝ օգնություն խնդրել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից՝ երկրում անկարգությունները ճնշելու համար:
«Այնուամենայնիվ, նորագույն պատմության մեզ մատուցված դասերից մեկն այն է, որ երբ ձեր տուն է գալիս Ռուսաստանը, ապա երբեմն դժվար է լինում հասնել նրա հեռանալուն», — ասել է Բլինկենը:
Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ ամերիկյան պետականության ողջ պատմության 300 տարին նույնպես մարդկությանն արդեն ինչ-որ բան են սովորեցրել։
«Երբ քո տանը հայտնվեցին ամերիկացիները, դժվար է լինում ողջ մնալ, կողոպտված կամ բռնաբարված չլինել», — գրել է Զախարովան:
Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ին։ Հանրահավաքների մասնակիցները դեմ են հանդես եկել հեղուկ գազի թանկացմանը։ Շուտով բողոքի ակցիաներն ընդգրկեցին ամբողջ երկիրը և քաղաքական բնույթ ստացան, բայց հետո վերածվեցին անկարգությունների, ուժայինների հետ բախումների և թալանի։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դիմել էր ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին՝ խնդրելով աջակցել երկրում ահաբեկչական սպառնալիքի հաղթահարմանը:
Հունվարի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բանակցություններ է վարել Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդիի հետ:
Մինչդեռ Ղազախստանն ու նրա բնակիչները ենթարկվում են ահաբեկիչների հարձակումներին, Բլինկենը սկսել է ճամարտակել «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին՝ ի պատասխան Ռուսաստանի ագրեսիայի»։