«Հայաստան» համահայկական հիմնադրամը չի պատրաստվում դադարեցնել գործունեությունն Արցախում
Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից։
Հիմնադրամը շարունակում է բնականոն գործունեություն ծավալել և Արցախում ունի բազում կարևոր լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն արդեն ավարտվել է, իսկ մյուս մասն ընթացքում է, նշված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ այս պահին հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 40 մեծածավալ տարաբնույթ ծրագրեր՝ ընդհանուր առմամբ շուրջ 70 միլիոն դոլար արժեքով։ Կառուցվում է 1100 բնակարան և առանձնատուն, ընդհանուր առմամբ 50կմ-ից ավել ռազմավարական տարբեր ճանապարհներ, ավարտին է հասնում Արցախի պետական համալսարանի կառուցումը, վերանորոգվում և կառուցվում են դպրոցներ, իրականացվում է ջրամատակարարման երեք խոշոր ծրագիր և այլն։